ԳլխավորԼուր

Վանաձորի թատրոնի «Անուշ» ներկայացումը ` «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իր ծրագրում ընգրկել է նաև թատերական ներկայացում՝ օգոստոսի 27-ին բացօթյա բեմում ցուցադրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»: Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի խոսքով՝ Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ:

«Անուշ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Սաքանյանը, Էդգար Քոչարյանը, Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Աննա Խաչատրյանը և այլք:

Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: Օգոստոսի 28-ին կանցկացվի Հայաստանի Երգի պետական թատրոնի համերգը:

Տեղեկացնենք՝ օգոստոսի 14-29-ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:

Փառատոնի մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան համայնքում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:

«Ֆրեսկոյի» երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին, Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:

Comment here