ԳլխավորԼուր

«Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը մեկնարկել է «Սասունցի Դավիթ» ներկայացմամբ

«Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը Արմեն Քուշկյանի կատարմամբ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 21-ից մայիսի 8-ը Երևանում և Աբովյանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում: Փառատոնին այս տարի մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ռումինիան և Վրաստանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Փառատոնի ընթացքում ցուցադրվող 27 մոնոներկայացումից 7-ն ընդգրկված է միջազգային ծրագրում՝ Անտոնիո Վակա-Լագարես «Հաշվետվություն ակադեմիային» (Գերմանիա), Արթուր Խաչոյան «Աստղ պճնած քաոսից, կա՜մ վերջը բարի լինի» (Ֆրանսիա), Մադոնա Շուբիթիձե «Մեդեա» (Վրաստան), Մատեուշ Նովակ «Պան Թադեուշ» (Լեհաստան), Անտոն Մոզգալյով «Համլետ. Փսիխոզ» (ՌԴ), Զոհրե Յահյաի «Մանայի մենությունը» (Իրան):

«Արմմոնո» փառատոնի մեկնարկն ազդարարվել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Կայացել է «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը Արմեն Քուշկյանի կատարմամբ (բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան):

Հայկական ծրագրում մասնակցում են դերասաններ Ջիվան Սարգսյանը՝ «Արև, լուսին ու ծով», Արման Մաթևոսյանը՝ «Էլջերնոն Գորդոնի էֆեկտը», Գայանե Եղիազարյանը՝ «Լույսին», Արմեն Արշալույսյանը՝ «Ռիչարդ», Սաշա Սուքիասյանը՝ «Հումանոիդ», Հայկ Դարբինյանը՝ «Օդ՜», Նատալիա Հարությունովան՝ «Հորը որոնելիս» ներկայացումներով:

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ և փորձագետներ:

Փառատոնի պատվավոր հյուրն է թատերագետ, արվեստագիտության թեկնածու, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դոցենտ, «Ոսկե դիմակ» Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության փորձագետ Եկատերինա Մորոզովան:

Փառատոնի շրջանակում տեղի կունենան հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ և կինոռեժիսոր Մարգրիտ Դյուրասի պիեսների թատերականացված ընթերցումներ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում. ծրագրի համակարգող՝ Լուսինե Աբգարյան:

Ներկայացումները կանցկացվեն Երևանի մի շարք թատերահարթակներում՝ ՀԹԳՄ, Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն, Փոքր թատրոն, Կամերային թատրոն, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ստորաբաժանում, ինչպես նաև Աբովյանի դրամատիկական թատրոն:

Թատերական փառատոնի ծրագիրը՝ այստեղ։