«ԳԻՏԻՍ. վարպետության դաս» ԱՊՀ երկրների թատերական փառատոնի շրջանակում Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի Ուսանողական թատրոնում օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հանդես են եկել ներկայացումներով։
Ռեժիսոր Հակոբ Մարկոսյանի` Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Հե՜յ, ո՞վ կա» ստվերային ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել։ Այս ներկայացումը Հայաստանում նույնպես ոգևորությամբ էր ընդունվել։
Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Նարե Ավագյանը, Ինեսա Խաչատրյանը և Գարիկ Խաչատուրյանը։
Երիտասարդ ռեժիսորը տեսողական պատրանքների և լույսի խաղի օգնությամբ ներկայացման մեջ նոր իմաստային շեշտադրումներ է արել՝ ընդգծելով, որ նույնիսկ ստվերում մարդկային ոգին կարող է վառ շողալ։
«Հե՜յ, ո՞վ կա» ստվերային ներկայացման պրոդյուսեր Դավիթ Ջինանյանը վստահեցնում է` փառատոնային շրջագայությունը շարունակական կլինի, որովհետև թե՛ կառուցվածքով, թե՛ ասելիքի բովանդակության ընդլայնման առումով այս ներկայացումը տարբերվող է և հեռանկարային։