ԳլխավորԼուր

Սամբոյի ԱԱ. Հայաստանի հավաքականներն արդեն 6 մեդալ են նվաճել

Սամբո

Նոյեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը, Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացան ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեցին Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Չալյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր:

Մարզական սամբոյի 71 կգ քաշայինների եզրափակչում Արամ Աղաջանյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ռամեդ Գուկևի հետ և 0-3 հաշվով զիջել մրցակցին բավականին լարված գոտեմարտում: Աղաջանյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել ճապոնացի, բելգիացի և FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ:

Մարտական սամբոյի 64 կգ քաշայինների եզրափակչում Վահրամ Գրիգորյանը զիջել է դարձյալ FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևին և բավարարվել արծաթե մեդալով:

88 կգ քաշային Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ Օլիմշոևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժալամբեկ Ասիմբեկովին և բավարարվել բրոնզե մեդալով:

Հիշեցնենք՝ մրցումային երկու օրերի արդյունքներով Հայաստանի հավաքականներն արդեն 6 մեդալ են նվաճել: Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էին Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ քաշային կարգ) Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):

Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: