ԳլխավորԼուր

Ոչ մի դասախոս չի հեռացվել, նախարարին ապատեղեկատվություն է փոխանցվել. Ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր

Ֆիզկուլտինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)

Ֆիզկուլտինստիտուտից ոչ մի դասախոս չի հեռացվել, ռեկտորն էլ ուսանողական խորհրդի նախագահին դատի է տվել` իրեն զրպարտելու մեղադրանքով. այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը դատի է տվել ուսանողական խորհրդի նախագահին և աշխատանքից ազատել դասախոսներից մի քանիսին.

«Կատարվողը շատ մտահոգիչ է մեզ համար։ Իմ տեղեկություններով՝ առաջարկվում է հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել, որի ընթացքում քննարկվելու է ստեղծված իրավիճակը»,- ասել էր Անդրեասյանը:

Ռեկտորը մեզ տեղեկացրեց, որ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, որի ընթացքում, նրա խոսքով, կհայտնեն մի շարք ապատեղեկատվությունների մասին.

«Ինստիտուտից ոչ ոք չի հեռացվել, այս տարվա հունվար ամսից մինչ օրս ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանի հրամանով աշխատանքից ազատվել է միայն ՀՖԿՍՊԻ–ի «ՖԻՄԱ» ակումբի ղեկավար Հարություն Ղարիբյանը։ Վերջինս էլ բողոքարկել է դատարան: Նրանից բացի` ոչ ոք չի հեռացվել: Ապատեղեկատություն է փոխանցվել նախարարին: Կարծում եմ` նրա դիրքորոշումը ճիշտ էր, երբ ասաց, որ հոգաբարձուների նիստ կլինի և պարզաբանում կտրվի ամեն հարցի»,-մեկնաբանեց Դավիթ Խիթարյանը:

Ինչ վերաբերում է բուհի ուսխորհրդի նախագահին դատի տալու լուրին, ռեկտորն այն չհերքեց.

«Գայանե Չիլոյանին իսկապես դատի եմ տվել ինձ զրպարտելու համար և պահանջել եմ, որ ներողություն խնդրի: Երբ դատարանի որոշմամբ իմ` որպես ռեկտորի լիզորությունները վերականգնվեցին, հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նա ակնհայտ զրպարտությամբ հանդես եկավ»:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել էր, որ բուհի մի քանի ուսանողներ չնայած ցանկացել են հանդիպել իրեն, սակայն նրանց ընդունել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, վերջինս բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ է․ «Ես կարծում եմ, որ կան բազմաթիվ հարցեր, և պետք է ստանալ ամբողջական տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունենում։ Բոլոր հարցերը հոգաբարձուների խորհրդի կազմում է»,-ասել էր նա:

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն էլ իր պաշտոնական էջում տարածել էր հայտարարություն` ի պատասխան «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի մի քանի աշխատակիցների և ամբիոնի վարիչների աշխատանքից ազատման մասին լրատվական հարթակներում շրջանառվող լուրերի.

«Տեղեկացնում ենք, որ պաշտոնավարման ժամկետի (31.10.2023թ․) ավարտման հիմքով, համաձայն օրենքի լուծվել են երեք մասնագիտական ամբիոնների վարիչների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը, նրանց փոխարեն նշանակվել են այդ ամբիոնների վարիչների ժամանակավոր պաշտոնակատարներ»,-ասված է հայտարարության մեջ։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ