ԳլխավորԼուր

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը:

Այս տարի հոբելյանական փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում:

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ:

Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։

Կանցկացվի նաև հատուկ նախագիծ «Թատրոն-Դրամա.am» էլ․ կայքի հետ, որի շրջանակում նախատեսված են թատերական ընթերցումներ՝ «Սովորական մարդկանց անսովոր պատմությունները» խորագրի ներքո, որտեղ կներկայացվեն հայ դրամատուրգների գործեր։

«Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի մայիսի 17-ին՝ ժամը 19։30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում․ կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան՝ ըստ Ժան Կոկտոյի համանուն պիեսի։

Հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն կմարմնավորի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։

Փառատոնի բացման արարողությանը մի խումբ թատերական գործիչներ կպարգևատրվեն «Արմմոնո XX» հուշամեդալով, որը թողարկվել է 2022 թվականին։

Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև առցանց ներկայացման դիտում. կներկայացվի Ֆատիմա Ռեժամետովայի «Ես սիրում եմ և սիրված եմ» (Ուզբեկստան), ռեժիսոր՝ Լևոն Ուզունյան (Վրաստան)։

Փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, փորձագետներ։

Միջազգային ծրագրում հանդես կգան Ալեքսանդրաս Ռուբինովասը՝ «Իմ հայրը» (Լիտվա), Ելենա Դուդիչը՝ «Ռոմեո և Ջուլիետ կամ․․․» (Ուկրաինա), Մենտոր Զիմբարայան՝ «Համլետի երազները» (Ալբանիա), Մատեուշ Նովակը՝ «Զոհաբերություն» (Լեհաստան), Ալեքսանդր Ալադիշևը՝ «Ծիծաղելի մարդու երազը» (ՌԴ), Դեսպինա Սարաֆիդուն՝ «Մեդեա» (Հունաստան), Իրինա Մեգվինետուխուցեսին՝ «Հրեշտակի տիկնիկը» (Վրաստան) մոնոներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը», ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը՝ «Ասպետական ռապսոդիա», ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Վերհիշիր անունը քո», Արմեն Քուշքյանը՝ «Համլետի երազները», Գոռ Համբարձումյանը՝ «MENախոսություն» մոնոներկայացումներով:

Այս տարի «Արմմոնո» փառատոնը կշեշտադրի բացառապես հայ հեղինակների ստեղծագործությունները՝ Ե․ Չարենց, Հ․ Մաթևոսյան, Պ․ Զեյթունցյան, Ա․ Պաչյան և այլն, որոնք կցուցադրվեն տարբեր փորձարարական թատերական հարթակներում։