ԳլխավորԼուր

«Խրախճանք» ներկայացման առաջնախաղը` «Ուրիշ» թատրոնում

«Խրախճանք» ներկայացումը «Ուրիշ» թատրոնում

2023թ. նոյեմբերի 27-ին Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնում «Խրախճանք» ներկայացման առաջնախաղով կայացավ թատրոնի փոքր դահլիճի բացումը։

«Խրախճանք»-ը աբսուրդ ռեալիզմի մեկ գործողությամբ  ներկայացում է ըստ Ա. Ս. Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ» պիեսի և Ա. Կամյույի «Ժանտախտը» վեպի։

Ռեժիսոր Գևորգ Մարգարյանը միաձուլելով այս երկու գրական  ստեղծագործություններն ու ռեժիսորաբեմադական նորաոճ լուծումները՝ հանդիսատեսին  հնարավորություն է տալիս այլաբանական տեսանկյունից նայել աբսուրդի հասնող մերօրյա իրականությանը, գեթ մի քանի րոպե խորտակվել սովորական դարձած, բայց աննորմալ մարդկային հարաբերությունների և անմարդկային խրախճանքի մեջ։

«Խրախճանք» ներկայացումը «Ուրիշ» թատրոնում
«Խրախճանք» ներկայացումը «Ուրիշ» թատրոնում

Ժանտախտը հայտնվելով քաղաքում ոչ միայն չի խնայում հազարավոր մարդկանց կյանքերը, այլ նաև կարող է վարակել հասարակության հոգեբանական ներաշխարհն ու բացասականորեն պատել մտքերը, հասցնել մարդ էակին ցնդաբանական իրականության ստեղծման աստիճանի։

Ներկայացվող դեպքերը տեղի են ունենում սովորականից ավելի տգեղ, բայց երջանիկ քաղաքում, որի բնակիչների` առօրյա հոգսերով  տարված մարդկանց դժբախտության ու դաստիարակության համար ժանտախտն արթնացնում է իր առնետներին և ուղարկում այդտեղ սատկելու։ Մեկը մյուսի հետևից հազարավոր մարդիկ զոհ են գնում ոչ մեկին չխնայող վարակին, իսկ ողջ մնացածների միտքն ու հոգեբանությունը պատում է կյանքի  մոտամլուտ ավարտի վախը, մահվան սպառնալիքը, այլ կերպ ասած` մտային ժանտախտը։

Մի խումբ երիտասարդներ որոշում են խախտել քաղաքային իշխանությունների կողմից սահմանված արգելքները` թողնել վշտի մեջ կորած իրենց տներն ու հավաքվել լիաթոք զվարճանալու, գայթակղիչ խրախճանքին տրվելու և կյանքի արգելված պտուղները քաղելու նպատակով։

Իսկ ի՞նչ կլինի հետո, սեփական օջախ վերադարձին պես ու՞մ դուռն առաջինը կթակի մահաբեր ժանտախտը, կարելի է միայն գուշակել։

«Խրախճանք» ներկայացումը «Ուրիշ» թատրոնում
«Խրախճանք» ներկայացումը «Ուրիշ» թատրոնում