ԳլխավորԼուր

Արդյո՞ք անբացահայտելի է կինը. ENIGMA-ն ներկայացվել է «Ուրիշ» թատրոնի բեմում

Պարային ներկայացում Enigma

2023 թվականի նոյեմբերի 20-ին Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնի բեմում Արման Բալմանուկյանի «Balmanukyan Dance Project»-ը հանդիսատեսի դատին հանձնեց խորեոգրաֆ Վալերյա Կասպարովայի (ՌԴ) բեմադրած «ENIGMA» ժամանակակից` մոդեռն ոճի պարային ներկայացումը։

Ներկայացումը կանանց կյանքի և կանացի հոգեբանության մասին պլաստիկ հոգեվերլուծություն է, որը հանդիսականին տեղափոխում է  առեղծվածային, բայց նույն ժամանակ հասկանալի կանացի ներաշխարհ։ Առօրյա հոգսեր, հույզեր, ապրումներ, կուտակված և զսպված էմոցիաներ, որոնք երբեմն անհասկանալի են հենց կանանց համար։ Փորձե՞լ հասկանալ, համակերպվել, թե՞ արտահայտել ու պայքարել։ «Balmanukyan» պարային պրոյեկտի այս ներկայացման նպատակն այս ամենի մասին մարդկանց խորը մտածելու հնարավորություն տալն է։

Հանդիսատես երիտասարդներից և ուսանողներից մի քանիսը  ներկայացման ավարտից հետո տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնեցին նույնանման կարծիք.

«Երբեմն մարմնական շարժումներն ու դիմախաղը խոսքերից ավելի լավ միջոց են հանդիսանում հոգեբանական ներքին աշխարհում տեղի ունեցող երևութներն արտահայտելու, հոգին թեթևացնելու համար։ Բեմում ներկայացված պլաստիկ հոգեվերլուծությունը դիտելիս շատերս հոգեհարազատ ու ծանոթ իրավիճակների հետ առերեսվեցինք, որոնք արտահայտելու, կիսվելու և հաղթահարելու համար նոր տեսանկյունից մոտեցումներ բացահայտեցինք»։

«Balmanukyan» պարային պրոյեկտի «ENIGMA», ինչպես նաև մի շարք այլ ներկայացումները շուտով ներկայացվելու են տարբեր, այդ թվում մարզային և միջազգային հարթակներում` հանրության տարբեր սոցիալական և տարիքային խմբերին առօրեական խնդիրների շուրջ նոր տեսանկյունից մտորելու հնարավորություն տրամադրելու և  ժամանակակից պարաոճին սերտորեն ծանոցանելու նպատակով։