ԳլխավորԼուր

«Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել. Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը

ԿԳՄՍ նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվ այլ հարցերի, պարզաբանել է «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում են նախարարությունից։

««Գոյ» թատրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, այն ֆինանսավորվում է պետության կողմից և պետությունն է որոշում, թե ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները: Չկա որևէ տրամաբանություն՝ նույն շենքում տեղադրված երկու միավորումների համար ունենալ երկու առանձին վարչական միավոր: «Գոյ» թատրոնի աշխատանքները չեն դադարեցվելու, այն պետք է շարունակի գործել: Խոսքն ընդամենը վարչական միավորները միավորելու մասին է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում են նոր հնարավորություններ:

«Հիմա բոլոր ցուցանիշներով թատրոնի աշխատանքն արդյունավետ չէ: Թատրոնը չի կարողանում կատարել նույնիսկ սեփական եկամուտների այն ցուցանիշը, որը հենց իրենք են առաջարկում ու պլանավորում տարվա սկզբին: Այստեղ մենք ունենք արդյունավետ կառավարման խնդիր: Ինչ վերաբերում է ստեղծագործական գործունեությանը, դրան ոչինչ չի սպառնում: Ավելին, եթե այժմ ստեղծագործական կազմը միայն մեկ բեմ օգտագործելու հնարավորություն ունի, ապա միավորման արդյունքում կկարողանան օգտվել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից և հնարավորություններից՝ պահպանելով իրենց անունը, իրենց առանձին գոյությունը և ստանալով հնարավորություն զբաղվելու փորձարարությամբ»,- շեշտել է նախարարը և հավելել՝ «Գոյ» թատրոնի ստեղծագործական թիմի հետ պատրաստ են նորից մանրամասն քննարկումներ ունենալ և ներկայացնել գործունեության հեռանկարները:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքներին: Նախարարն ընդգծել է՝ համապատասխան եղանակային պայմանների դեպքում հնավայրում իրականացվելու են պեղումներ և եթե պեղումների արդյունքները ցույց տան, որ դրանք հնարավոր են ամրակայել և վերականգնել, ապա պետք է իրականացվեն նաև այդ աշխատանքները:

«Այս պահին մենք խոսում ենք առաջին հերթին մշակութային ժառանգության ամբողջական ուսումնասիրության, դրա հետագա ճակատագրի որոշման մասին, որից ածանցյալ են լինելու բոլոր մյուս նախագծերը: Նախարարությունը պատասխանատվություն է կրում բոլոր հուշարձանների պահպանության համար»,- նշել է նախարարը և վստահեցրել, որ այս առումով նախարարությունը հետևողական է լինելու: