ԳլխավորԼուր

Ծաղկաձորում Արցախից բռնի տեղահանվածների համար ցուցադրվել է «Կապուտաչյա Հայրենիք» ներկայացումը

Ներկայացում «Կապուտաչյա Հայրենիք»

Նոյեմբերի 3-ին ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնի հյուրախաղը` «Կապուտաչյա Հայրենիք» (ըստ` Եղիշե Չարենցի ստեղծագործությունների) ներկայացմամբ։

Ներկայացումը ցուցադրվեց «Արցախցիների ժպիտը» բարեգործական ծրագրի շրջանակներում։

Հանդիսատեսի շարքերում էին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 երեխաներ ու ծնողներ, երիտասարդներ, ինչպես նաև դպրոցի աշակերտները և ուսուցիչները։

Երիտասարդ արցախցիները, ներկայացումից տպավորված, նշում են. «Չարենցի ստեղծագործությունները ընթերցել ենք, քանի որ Արցախում պարտադիր էին ամառային ընթերցանության համար։ Սակայն չէինք պատկերացնում, որ նման ձևաչափով կարող էին մի քանի գործերը միավորվել ու ներկայացման վերածվել։ Բեմադրությունից տպավորված ենք, հատկապես ուզում ենք նշել, որ բեմադրվել ու խաղացվել է գրեթե մեր տարեկիցների կողմից»։

Ուսուցիչները ևս գոհունակություն հայտնեցին.

«Չարենցն ու իր ստեղծագործությունները կրթական ծրագրի անդավաճան մասն են կազմում։ Ուրախ ենք, որ այսօրվա երիտասարդներն ոչ միայն ընթերցում, այլ նաև նման բեմադրություններ են նախաձեռնում։ Աշակերտների համար շատ լավ տարբերակ է Չարենցի գրական նյութի հետ ծանոթացման, քանի որ նրանք ոգևորվում են բեմում իրենց տարեկիցներին տեսնելով»։

Հիշեցնենք՝ վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։

Ներկայացում «Կապուտաչյա Հայրենիք»

Ներկայացում «Կապուտաչյա Հայրենիք»