ԳլխավորԼուր

Սա գաղափարական հետապնդում է. «Գոյ» թատրոնը փակվում է

«Գոյ» թատրոն

Մեր հանդեպ հետապնդում են իրականացնում, Usanogh.am-ի հետ զրույցում հայտարարեց «Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանը:

«Մեզ ասել են, որ չենք ապահովել տարեկան ֆինանսական պլանը, որ թատրոնը չի ծառայում իր նպատակներին, բայց իրականում մեր հանդեպ հետապնդում են իրականացնում»,-ասաց նա։

Նշենք, որ «Գոյ»-ն օրերս հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ  ԿԳՄՍ նախարարությունը ցանկանում է լուծարել թատրոնը։ ««Գոյ» թատրոնը ունի յուրաքանչյուրիդ աջակցության կարիքը»,-ասված է հայտարարության մեջ:

Տնօրենի խոսքով` ԿԳՄՍ նախարարությունից պատճառաբանել են, որ թատրոնը 2022-ին չի ապահովել տարեկան արտաբյուջեն, որը պետք է կազմեր 11 միլիոն դրամ. ֆինանսական պլանը 3,5 միլիոն դրամով պակաս է կատարվել. «Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ դա չի թատրոնը լուծարելու պատճառը: Խնդիրը գաղափարական է: Վերջերս, օրինակ, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը բեմադրել էր «Գարեգին Նժդեհ-իրական առասպել» պատմական հետազոտությունը: Երևի իրենց դուր չի եկել դա…Առհասարակ, մեր թատրոնի նկատմամբ հետապնդում միշտ է եղել մեր գոյության երեսուն տարիների ընթացքում: Տարբեր ձևերով չեն թողել աշխատենք, պայքարել ենք»:

Սարգիս Չոլոյանը պատմում է, որ իրենք ԿԳՄՍ նախարարությանն առաջարկել են չֆինանսավորել «Գոյ» թատրոնը, բայց տարածքը թատրոնի ձեռքից չվերցնել. «Չհամաձայնեցին: Ինքս ասել եմ` ես բյուջեն կապահովեմ, գումար կհայթայթեմ այլ աղբյուրներից,  մեզ գումար պետք չի, ցավոք, առաջարկը մերժվեց: Այս պարագայում ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ թատրոնը փակելու վերաբերյալ իրենց պատճառաբանությունը արժանահավատ չէ»:

Սարգիս Չոլոյան

«Գոյ»-ի տնօրենի կարծիքով` իրենց թատրոնի 700ք/մ տարածքը նախարարությունը տրամադրելու է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին. «Մեզ առաջարկում են Սունդուկյան թատրոնի կազմում դառնալ «Գոյ» խմբակ, ասում են` այդպես մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, բայց մեր թատրոնից ոչ ոք չի գնա այնտեղ, համաձայն չենք և կպայքարենք մինչև վերջ»:

Հավելենք, որ «Գոյ» թատրոնը ստեղծվել է 1988 թվականին՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: