ԳլխավորԽոսք

Պարետատան վերջին գիշերը

Եթե ամեն ինչ նախատեսվածի պես գնա՝ վաղը ժամը 17-ին կլրանա Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի, հետեւաբար՝ պարետ եւ պարետատուն ունենալու ժամկետը։ Իշխանությունները գրեթե խոստացել են, որ այն չի երկարաձգվի, կամ ավելի ճիշտ կերկարաձգվի՝ բայց «կարանտին» աշխատանքային անվանումով։

Մարտի 16-ից ուժի մեջ մտած ու 5 անգամ 30-ական օրով երկարաձգված արտակարգ դրությունից կհիշենք ի սկզբանե անլուրջ վերաբերմունք, վտանգի թերագնահատում, հակահամաճարակային կանոնների պահպանման ու դիմակների նկատմամբ քամահրանք, քիչ ավելի ուշ՝ վտանգի ու դիմակների դերի գերագնահատում, հասարակական տանսպորտի վերացում, հետո՝ հասարակական տրանսպորտի վերածնունդ՝ բայց արդեն «զարդարված» ալկոգելներով ու դիմակա-ձեռնոցապատ ուղեւորներվ, տեսչական ստուգումներ՝ նույն այդ տրանսպորտում ու տնտեսվարողների մոտ, մի քանի ժամից մինչեւ մի քանի օրով գործունեության կասեցում, պարետատան հերթական որոշումներին անհամբերությամբ սպասող, հետո անհասկանալի տրամաբանությամբ այդ որոշումների նկատմամբ արդեն անտարբեր մարդիկ ու դիմակապատ դեմքեր, դեմքեր, դեմքեր, դիմակների տակ մարած ժպիտներ ու շատ ավելի արտահայտիչ դարձած աչքեր…

179 արտակարգ օր… Ընդհատված-կիսատպռատ վերականգնվող ուսումնական գործընթաց, հեռավար-հեռահար դասեր, կառավարության, ոստիկանության, ԱԻՆ-ի, հա, մի օր էլ՝ վարչապետի ձայնով կոչեր-հորդորներ՝ հատկապես անպատեհ ժամերի ու շատ բարձր՝ փողոցներով անցնող մեքենաներից, պարետատնից ստացվող հոգատար հաղորդագրություններ, իսկապես նախադեպը չունեցող բուհական ընդունելության քննություններ, երբ բարձր միավոր ստացած դիմորդների մի մասը դուրս եկավ փողոց՝ հասկանալու, թե ինչու ինքը  «չի անցել» ու այդպես էլ չիրականացած ցանկություն-պահանջ՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպելու, փողոց փակելու մի քանի վայրկյանանոց փորձեր ու բերման ենթարկվածներ, հազարավոր արձանագրություններ՝ դիմակ չդնելու, դիմակը ճիշտ չդնելու, դիմակը ծուռ դնելու, դիմակը… մի խոսքով, պատճառաբանությամբ, տասնյակ բողոքի ցույցեր՝ հատկապես կառավարության գլխավոր մասնաշենքի ու Ազգային ժողովի առջեւ՝ ռեստորանատերեր, սեւազգեստ մայրեր, մարտի 1-ի զոհերի հարազատներ, Ռուսաստան գնալ ցանկացողներ, ընդդեմ Ամուլսարի շահագործման, հանուն Ամուլսարի շահագործման եւ տարաբնույթ այլ թեմաներով, ու էլի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բերման ենթարկելու գործողություններ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հերթապահ պատճառաբանությամբ, հասարակության կողմից ոչ միանշանակ օրենքների ընդունում ու կոնվենցիայի վավերացում, կրթական եւ առարկայական սեւագիր ու «սեւագիր» չափորոշիչների քննարկումներ, տուգանքների ցանկի ընդլայնում ու «ճոխացում», դիմակների գների միքանիապատիկ աճ ու չնչին նվազում, քաղաքական-համապետական իրադարձություններից՝ Արցախի նախագահի ընտրություններ, տավուշյան բախումներ, հաղթանակ, զոհեր ու պարգեւատրումներ…

Այսպիսին էր 2020-ի Հայաստանը՝ արտակարգ դրության օրերին։

Հա, վաղը ժամը 17-ից հետո հերթականությամբ կգործարկվեն Երեւանի՝ ամռանը կարոտած շատրվաններն ու ջրավազանները։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

Comment here