ԳլխավորԽոսք

Իսկ հնարավոր չէ՞ պարզապես ապրել

Մնա տանը: Է, մնացինք, հետո՞: Դեմքներիս առանք Ստալինգրադի ազատագրմանը մասնակցած պապի, իսկ շատերի դեպքում՝ ապուպապի դեմքի արտահայտությունը եւ քոչարի պարելու համար նախատեսված տարազը հագնելով՝ google-ում նայեցինք Բեռլինի նկարները, սրանից աշխարհը փրկվելո՞ւ է:

Ասում են այո, ու քանի որ նրանք, որոնք ասում են՝ այո, ի տարբերություն մեզ, գիտեն, թե ինչ է տրամագնին, դիօքսինը, մենք կախում ենք գլուխներս ու կյանքում լավագույն բանը համարում պատուհանից դուրս նայելը: Հետո երեւի մեզ հերոսի մեդալ պետք է տան, առնվազն՝ շնորհակալագիր՝ աշխարհի վրա հարձակված անտեսանելի թշնամու դեմ մղված համառ, անզիջում եւ հերոսական պատերազմին մասնակցելու համար: Ենթադրում եմ, որ Հաղթանակի օր էլ պետք է ունենանք եւ ամեն տարի այդ օրը պետք է ամբողջ աշխարհի մարդիկ դուրս գան իրենց քաղաքների փողոցները՝ շքերթի, խորհրդանշական բժշկական դիմակներն օդում թափահարելով՝ որպես կորոնավիրուսին հաղթած բանակ: Եվ մեզ նորից պետք է ասեն, որ պատմական ժամանակներում ենք ապրում…

Իսկ հնարավոր չէ՞ ոչ թե պատմական ժամանակներում, այլ պարզապես ապրել: Առանց անծայրածիր սովետական երկրի եւ դրա փլուզման, առանց ղարաբաղյան պատերազմի, նույնիսկ եթե այն հերոսամարտ է կոչվում, առանց թեկուզ անարյուն, բայց հեղափոխության… ուղղակի, ոչ թե լուռ, այլ անաղմուկ, ոչ թե խորը ձորերում, այլ բարձր սարերի վրա, որտեղ արածող կովն ու ոչխարը թքած ունեն, թե իրենք պատմակա՞ն, թե՞ սովորական ժամանակների խոտ են ուտում: Չէ՜, մեզ պետք է այդ պատմական ժամանակներ… միջավայրը: Այնտեղ ապրելու մոլուցքը գենետիկորեն փոխանցվող բան է, անձեռնմխելի ժառանգություն:

Մեր պապն, օրինակ, ապրում էր Ստալինի կողքի տանը եւ երբ մի անգամ Չերչիլն եկել էր Ստալինին հյուր, ինքն էր իր այգու խաղողից պատրաստված կոնյակն ուղարկել, որ Ստալինն ու Չերչիլը՝ առնվազն հոգու խորքում տրնգի պարեն: Մեր ապուպապը մեծ այգի ուներ՝ Սասունում, չէ՝ Մուշում, չէ՝ Վանում (այնտեղ հերոսամարտ է եղել), ու Ցեղասպանության ժամանակ իր տանը պատսպարել էր հայ երեխաների, արդյունքում՝ փրկել: Մեր հայրը միայնակ կտրել-անցել է հայ-ադրբեջանական սահմանն ու հետ բերել իր ընկերոջը, որին գերի էին տարել: Դե իսկ մենք էլ՝ մեր պապերի արժանի սերունդն ենք, ընդ որում մեր բաժին պատմական ժամանակը ամենասարսափելին է ու ամենահիշարժանը, քանի որ եթե նախնիների թշնամին ծառի հետեւում էր կամ դիմացի ձորում, ապա մերը անտեսանելի է: Ասում են՝ վիրուս է ու հասկանալու բանալին էլ տալիս են՝ ԱՅՆ ՄԵՐ ՄԵՋ Է: Ու եթե մարդկության բոլոր ժամանակների սերունդներին չափենք, մենք անշուշտ կհաղթենք, որովհետեւ ոչ թե մեր պապերն ու նրանց պապերը, մեր հայրերն ու նրանց հայրերը, այլ հենց մենք ենք, որ ապրում ենք իսկապես պատմական ժամանակում, որից ես անձամբ զզվում եմ: Նախ, որովհետեւ չկա ավելի պատմական ժամանակ, քան այսօրն է, նույնիսկ, եթե դու 70-ականների Բոստոնի փոքրիկ սրճարանում նստած՝ նայում ես, թե ինչպես է մի փոքրիկ աղջիկ՝ կատուն հետեւից, ջութակի գնում, կամ 1816 թվին նավաբեկության ենթարկվեցիր ու հայտնվելով Սուրբ Հեղինե կղզում, Նապոլեոն Բոնապարտի հետ մի բաժակ գինի խմեցիր:

Պատմական ժամանակ ուրեմն չկա:

Կա մի բան, ամեն մեկիս ներսում: Սարերի գլխին, թե ձորերի մեջ, ծովի ափին, թե խիտ անտառի մեջ, անապատի մեջտեղում, թե սառույցների մեջ մի տուն կա, փոքրիկ, մի հոգու (ոչ թե մարդու) համար նախատեսված, որտեղ պետք է հաճախ ինքնամեկուսանալ, երբ ասում են, թե ժամանակները պատմական են: Իսկ այսպես միայն մի մարդ չի ասել՝ Ադամը, նույնիսկ այն ժամանակ, երբ առաջին անգամ նայեց Եվայի աչքերի մեջ կամ տեսավ նրա մերկությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ Աբելին տեսնում էր միայն Կայենի աչքերի մեջ:

Այնպես որ մեզ չեն հիշելու եւ պարգեւատրելու բազմոցին պառկելու համար եւ դա հրաշալի է, որովհետեւ չկա աշխարհում ավելի մեծ պարգեւ, քան պարզապես ապրելը՝ սովորական ժամանակներում:

Comment here