ԳլխավորԼուր

Գրքի փառատոնը հրաշալի հնարավորություն է շփումների համար. Հովիկ Աֆյան

Հովիկ Աֆյան

Շարունակվում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը. այսօր փառատոնային երկրորդ օրն է, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Փառատոնային հարթակում վերջին տարիների իրենց գրական արտադրանքն ու նոր հրատարակություններն են ներկայացնում շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ:

«Սարգիս Խաչենց/Փրինթ ինֆո» հրատարակչության ծրագրերի ներկայացուցիչ Գարեգին Ալեքսանյանը ներկայացնում էր հրատարակչության ողջ գրական արտադրանքը: Նոր հրատարակություններից Գարեգին Ալեքսանյանն առանձնացրել է «Ժամանակ ու խոսք» մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, թատերագիր, մտածող Պոլ Կլոդելի «Աչքը լսում է» էսսեների նշանավոր ժողովածուն և նույն մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, էսսեիստ, արվեստի տեսաբան և քննադատ Պոլ Վալերիի «Էվպալինոս կամ ճարտարապետ» աշխատությունը: Հրատարակչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ գրքերը ֆրանսերենից թարգանվել են հայերեն և ուղղված են արվեստաբաններին, մշակութաբաններին, ճարտարապետներին և արվեստասեր լայն հանրությանը:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ներկայացմամբ՝ հայաստանյան գրահրատարակչական շուկայում «Անտարեսը» ամենաշատն է հրատարակում ժամանակակից հայ գրողների գործերը: Մասնավորապես՝ վերջին 10 տարում տպագրվել է ժամանակակից հայ գրողների շուրջ 150 գիրք: Գրքի երևանյան փառատոնի տաղավարում ներկայացված է «21-րդ դար» մատենաշարը, որում ընդգրկված են Գուրգեն Խանջյանի, Հովիկ Աֆյանի, Հովհաննես Երանյանի, Գրիգի, Համլետ Առաքելյանի, Գևորգ Սահակյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Հրաչ Բեգլարյանի և ժամանակակից այլ հայ գրողների գործեր։ Արքմենիկ Նիկողոսյանի նշմամբ՝ փառատոնը հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր ընթերցողներ, հեղինակներին տարվա մեջ հանդիպելու բացառիկ առիթ:

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոն
Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոն

Արձակագիր, 5 գրքի հեղինակ Հովիկ Աֆյանի համար Գրքի երևանյան փառատոնը կարևոր մի հարթակ է, որը ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնելու գրքերը, այլև հանդիպելու գրող ընկերներին, ընթերցողներին, զրուցելու, մտքեր փոխանակելու, կարծիքներ և քննադատություններ լսելու. «Այս հանդիպումները գրողի համար մեծապես կարևորվում են: Ժամանակակից գրողը ծանրաբեռնված է այլ գործերով և մարդկանց հետ շփվելու կարիք ունի: Նման միջոցառումները հրաշալի հնարավորություն են շփվելու տարբեր մարդկանց հետ. վերջապես, սա կարող է լինել մի վայր, որտեղ կարող ենք խոսել միմյանց գրքերի մասին և քննարկումներ կազմակերպել»:

Փառատոնին մշակութային հաստատություններից ներկայացրած են Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի հրատարակությունները:

Նշենք, որ Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։