ԳլխավորԼուր

«Ավելի հաճախ լսեք ինքներդ ձեզ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շրջանավարտներին

«Վերջին զանգ»՝ Երևանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը, հայտնում են նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով հաջողություններ և նպատակների հետևից գնալու հաստատակամություն:

«Ձեր կյանքի հաջորդ փուլերում հիշե՛ք այն բոլոր կարևոր արժեքներն ու դասերը, որ այս տարիների ընթացքում սովորեցրել են ձեր ուսուցիչները: Անկախ դժվարություններից, խոչընդոտներից ու սխալներից, որոնք լինելու են, չհուսահատվեք. առանց դրանց՝ չեն ծնվում հաջողություններն ու հաղթանակները: Ավելի հաճախ լսեք ինքներդ ձեզ՝ հասկանալու, թե ինչի եք ուզում հասնել»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և շրջանավարտներին մաղթել հաջողություններ առաջիկա ավարտական և ընդունելության քննությունների ժամանակ։

Ժաննա Անդրեսայան
Ժաննա Անդրեսայանը Երևանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցում՝ «Վերջին զանգ»-ին

Շրջանավարտներին մաղթելով բարի երթ՝ նախարարն ընդգծել է, որ դպրոցի ամենամեծ նվաճումը նրանց հետագա հաջողություններն ու նվաճումներն են․ «Վստահ եմ՝ տարիներ հետո լսելու ենք ձեր հաջողությունների մասին»։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին ու դպրոցի բոլոր աշխատակիցներին՝ ընդգծելով, որ դպրոցը մի ամբողջություն է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր կարևոր առաքելությունը:

Շրջանավարտներին շնորհավորել են նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը։

Շրջանավարտներն իրենց կատարումներում հիշատակի խոսք են ուղղել Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների հիշատակին, շնորհակալություն հայտնել ուսուցիչներին և դպրոցին։

Նշենք, որ այս տարի Երևանի Վ․ Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցն ավարտում է շուրջ 40 աշակերտ՝ 2 դասարանով:

ՀՀ դպրոցներում 2022-2023 ուստարում հիմնական դպրոցն ավարտում է շուրջ 35.300, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ,  Արցախում՝ 1141 աշակերտներ։

«Վերջին զանգ»՝ Երևանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցում
«Վերջին զանգ»՝ Երևանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցում