ԳլխավորԼուր

Այս տարի Տիրին կատարի վիշապաքարերն ու Գյումրու դարբնության ավանդույթը կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Զվարթնոց տաճարը

Այս տարի Հայաստանը պատրաստվում է Տիրին կատարի վիշապաքարերի խմբի հետ կապված հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, իսկ ինչ վերաբերում է ոչ նյութական ժառանգությանը, Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ կներկայացնի Գյումրու դարբնության ավանդույթի մասով:

Այս մասին այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ ներկայացնելով 2022 թ. նախարարության կատարողականը:

Նա շեշտեց` Հայաստանի 25 հազար մշակույթի անշարժ հուշարձաններից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական և նախանական ցանկերում ընդգրկված են ընդամենը 7-ը (Հաղպատի վանք, Սանահինի վանք, Էջմիածնի Մայր տաճար, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Սուրբ Գայանե եկեղեցի, Զվարթնոցի տաճար, Գեղարդի վանք-խմբ.). դրանցից 4-ն ընդգրկվել է 1995-ին` նախնական ցանկում, 3-ը` 2000-ին` հիմնական ցանկում:

Տիրին կատարի վիշապաքարերից
Տիրին կատարի վիշապաքարերից

«Շուրջ 20 տարի է` որևէ հայտ չի ներկայացվել: Հաճախ մենք մեր երկրում ապրում ենք միջին զբոսաշրջիկի տրամաբանությամբ. գիտենք միայն այն տեսարժան վայրերն ու հուշարձանները, որոնք հայտնի են, չենք ճանաչում մեր հուշարձանների զգալի մասը: Սա նաև կրթության խնդիր է, որը փորձում ենք լուծել նոր չափորոշչով: Կա նոր առարկա` «Ես և իմ հայրենիքը», որի շնորհիվ հայրենիքը նույնանում է պետության հետ, երեխան կապվում է իր բնակավայրին` սկսելով հենց հայրենագիտական արշավներից»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` ամեն տարի պետք է հայտեր ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկեր, դա պետք է դառնա ամենօրյա աշխատանքի նման բան: