ԳլխավորԼուր

«Այսօր եկեղեցուն դիպչելը հեշտ է». արքեպիսկոպոսն անդրադարձել է «Հայ եկեղեցու պատմությունը» դպրոցներից հանելու ծրագրին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Հայ եկեղեցու պատմությունը»` որպես առանձին առարկա, նոր ուսումնական տարվանից չի դասավանդելու դպրոցներում։ Սա, ըստ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, քայլ է հայ քրիստոնյայի իդեալի դեմ, որը տրամագծորեն տարբերվում է ներկայիս իշխանության իդեալից:

ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն  այս տարվանից «Հայ եկեղեցու պատմությունը» ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում: Usanogh.am-ի հետ զրույցում սրբազան հայրը տեսակետ է հայտնում.

«Հայ եկեղեցու պատմությունը» միակ առարկան է, որը դաստիարակում է հայ քրիստոնյա մարդ. «Մյուս առարկաները պարզապես գիտելիք, տեղեկություն են հաղորդում, դրանք չեն կրթում: Իսկ «Հայ եկեղեցու պատմությունը», որքան էլ ինֆորմատիվ է, նպատակ ունի սերմանելու միաժամանակ երեք արժեքներ` քրիստոնեական, ազգային և համամարդկային»:

Նշենք, որ սկզբում նախատեսվում էր առարկան կրթական ծրագրերից հանել 2023 թվականից, սակայն Հայ առաքելական եկեղեցու և ԿԳՄՍ նախարարության միջև որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ թեմայի հետ կապված քննարկումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի վերջնական լուծումներ գտնել։ Ավելին, եկեղեցու և նախարարության կողմից ստեղծվել էր նաև հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան և բովանդակությունը։ Կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակելու նախնական համաձայնություն։

Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ  Ամենայն հայոց հայրապետը բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատում է`ընդունելության ընթացքում  տեղի ունեցածը դժվար է քննարկում անվանել. «Պարզապես եղել են ակնարկներ…Ցավոք, մեր իշխանությունը չի գիտակցում առարկայի կարևորությունը և դժվար էլ երբևէ գիտակցի: Այս դեպքում ես առանձնակի կարևորում եմ հանրային ճնշումը, որը, ցավոք, կրկին առկա չէ: Այսօր հայ հանրությունը անտարբերություն է ցուցաբերում իր նյութական հայրենիքի կորստի նկատմամբ, և հասկանալի է, որ հոգևոր հայրենիքի կորստին ևս պետք է անարձագանք մնա: Սրանք սերտ կապված հասկացություններ են: Այսօր եկեղեցուն դիպչելը հեշտ է, իսկ հանրությունն այնքան գիտակից չէ, որ դա թույլ չտա»:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ կաթողիկոսի և նախարարի քննարկումները որևէ էական արդյունք չեն տվել. այսինքն` «Հայ եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա, փաստացի կհանվի կրթական ծրագրերից: