ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է եկեղեցու մեծ ավանդը ազգային դպրոցի կայացման գործում

Գարեգին Երկրորդն ընդունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու փոխնախարար Արա Խզմալյանին

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաև պատմական սրբավայրերի, Սփյուռքում և Արցախում ազգային-հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Իր խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը տեղեկություններ տվեց տարբեր հարցերի առնչությամբ, մասնավորապես անդրադարձ կատարեց պատմական վանքերի ու եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։ Նա նշեց, որ Եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։

Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ կարևորելով դպրոցում արժեքային դաստիարակության բաղադրիչի պահպանումը, նաև ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում Հայոց Եկեղեցու մեծ ավանդը։

Քննարկվեցին նաև պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրում ընդհանուր սկզբունքներին և փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվեց գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելեց Վեհարանի թանգարան, նաև ծանոթացավ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին։