ԳլխավորԼուր

Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ

Հունիսի 6-ին՝ Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով եկեղեցում հավատացելոց խոնարհումի և օրհնության համար դրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, որպեսզի զորանան հավատքով ու լավատեսությամբ իրենց նոր կյանքը կերտելու ճանապարհին։

Տաճարի առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեց եկեղեցականների թափորը։ «Հրաշափառի» երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ներկա բարեպաշտ ժողովրդին, առաջնորդվեց դեպի խորան, ուր երկրպագությունից հետո սկսվեց Պատարագի սրբազան արարողությունը։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր պետական ավագանին՝ գլխավորությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի պատվիրակությունը, թեմի եկեղեցականներ, զինծառայողներ և հավատավոր բազում արցախցիներ։

Պատարագի արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն Արցախի խաղաղության և անվտանգության, հավատավոր ժողովրդի՝ ապահով և բարօր կյանքի համար։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Արցախ ողջունեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը՝ ընդգծելով, որ պատմական օրեր է ապրում Արցախը, քանզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արարատյան շաբաթն ու Սուրբ Էջմիածնի տոնն անցկացնում է Սյունիքի և Արցախի իր զավակների հետ։ Սրբազանը նկատեց, որ առկա դժվարին պայմաններում Հայոց Հայրապետի այցը մեծ մխիթարություն էր և քաջալերանք արցախցիների համար։

Սրբազանի ողջույնի խոսքից հետո ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ․ Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց արցախյան պատերազմում զոհված զինվորների համար՝ վերստին մխիթարություն հայցելով Տիրոջից զոհվածների հարազատներին, ամենքի սրտերին ու հոգիներին և շուտափույթ վերադարձ մաղթելով գերիներին և անհայտ կորածներին։

Իր պատգամի վերջում Նորին Վեհափառությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներով օրհնելով Արցախի հավատավոր ժողովրդին, հայցեց, որ Փրկիչ Տերը ամենազոր Իր Սուրբ Խաչի հովանու ներքո անսասան խաղաղության մեջ պահի Արցախի Հանրապետությունը և Աստծո ողորմությամբ զորանա արցախահայությունը՝ կերտելով ստեղծագործ ու զարգացող կյանքի նորանոր հաջողություններ:

Ավարտվեց Ամենայն հայոց կաթողիկոսի քառօրյա այցը Սյունիք ու Արցախ։

Comment here