ԳլխավորԼուր

Ինչպես կկազմակերպվի ուսումնական գործընթացն Արցախում նոյեմբերի 29-ից

Աշակերտը՝ դասարանում

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.

Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ , 10-րդ և 11-րդ դասարաներում շարունակվելու է ուսուցման հեռավար եղանակը։

• Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։

• 25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։

• Արցախի շրջանների դպրոցները կշարունակեն գործել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, սակայն այն դպրոցները, որտեղ կգրանցվեն կորոնավիրուսային համավարակի դեպքեր, ևս կանցնեն ուսուցման հեռավար եղանակի։

• Այն աշակերտները, ովքեր ներառված են ռիսկային խմբում ու չեն կարող մասնակցել ուսուցման առկա տարբերակին, և այն աշակերտները, որոնց ուսուցիչները ևս պատկանում են ռիսկային խմբին կամ հանդիսանում են COVID 19-ի կոնտակտավոր, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպված առցանց դասընթացներին։

Մանրամասների համար կարող եք զանգահարել ԿՏԱԿ (010 57 84 55)։

Թույլատրվում է վերսկսել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մարզադպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների անհատական պարապմունքները: Խմբային պարապմունքները արգելվում են։

Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը շարունակվելու է մնալ դադարեցված։

Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, պատվաստվել՝ վերականգնելով հանրապետության բնականոն կենսագործունեությունը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը: