ՀՀ հանրակրթական դպրոցներում այսօր՝ Գիտելիքի և դպրության օրը, հնչել է 2026-2027 ուսումնական տարվա առաջին զանգը: Սեպտեմբերի մեկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ և շնորհավորել սովորողներին ու մանկավարժներին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Նախարարի տեղակալի առաջին այցը Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցն էր, որը կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում վերանորոգվելուց հետո դռները բացել է աշակերտների առաջ: Այս պահին դպրոց է հաճախում 200 աշակերտ. լիցենզիոն տեղերը սահմանված են շուրջ 400: Դպրոցը հագեցվել է կրթական գործընթացը պատշաճ կազմակերպելու բոլոր պայմաններով՝ նոր գույքով ու լաբորատորիաներով, տաք սնունդ ապահովելու անհրաժեշտ միջավայրով՝ կահավորված ճաշարանով ու համապատասխան տեխնիկայով, մարզադահլիճով ու մարզագույքով, համապատասխան ենթակառուցվածքներով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարի տեղակալն այցելել է նաև Գուրգեն Մարգարյանի անվան Երևանի թիվ 94 ավագ դպրոց, որտեղ այս տարվանից գործելու է արհեստական բանականության ուսուցմամբ դասարան։ Քննություն հանձնելու և մրցակցային պայմանների արդյունքում ԱԲ կրթական ծրագրով սովորելու հնարավորություն ունեն 20 աշակերտներ:
Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի անվան Երևանի թիվ 94 ավագ դպրոցում սովորում է շուրջ 390 աշակերտ:
Տոնական օրը դպրոցներում նշանավորվել է աշակերտների երաժշտական և պարային կատարումներով:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews









