ԳլխավորԼուր

«Դպրոցից դեպի տիեզերք» ծրագիրը մեկնարկել է

Մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից կազմակերպվող դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2023թ-ի ծրագիրը, որը կրում է «Դպրոցից դեպի տիեզերք» խորագիրը։

Այս շաբաթ ԲԱ աստղագետներն արդեն հասցրել են այցելել Վայոց Ձոր՝ Եղեգնաձորի ավագ դպրոց, Ռինդի միջնակարգ դպրոց, Վերնաշենի Գ․ Նժդեհի անվան միջնակարգ դպրոց, Սյունիք՝ Գորիսի Յու Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ՝ Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցում, Ակունքի միջնակարգ դպրոցում և այլուր։ Ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը։

Համաձայն ծրագրի՝ յուրաքանչյուր մարզից պետք է ներառվեր 3 դպրոց։ Սակայն այս տարի ծրագրին դիմած դպրոցների թիվը հասել էր 132-ի։ Հաշվի առնելով Լոռու մարզի դպրոցների չափազանց բարձր ակտիվությունը (34 հայտ)՝ որոշվել է որպես բացառություն այդ մարզից ընտրել լրացուցիչ ևս 3 դպրոց, մյուս մարզերում դասախոսությունների թիվը պահպանելով նույնը։ Այսպիսով ԲԱ աստղագետները կհանդիպեն և իրենց գիտելիքներով կկիսվեն ավելի շատ աշակերտների հետ։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է 2012թ-ից և ֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից։