ԳլխավորԼուր

22 դպրոցներից 5-ում սննդամթերքի անվտանգության խախտումներ են արձանագրվել

Ուսումնական հաստատության խոհանոց

2023 թվականի սեպտեմբերից, հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց Երևանում և յուրաքանչյուր մարզում):

Խախտումներ արձանագրվել են միայն 4 մարզի 5 դպրոցում:

Այսպես՝

  • Արմավիրի մարզի «Արմավիրի 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, պատուհաններ չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
  • Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է ժամկետանց հավի ձու և մածուն,
  • Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է անհայտ ծագման հավի կրծքամիս՝ առանց մակնշման, առանց հայերեն մակնշման «Чистое золото» արևածաղկի ձեթ, ինչպես նաև կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված պանրային մթերք «Չանախ»:
  • Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում խոհանոցի պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, պատերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես՝ բացառելով պատշաճ մաքրելու ու ախտահանելու հնարավորությունը, առաստաղը պատված է եղել բորբոսներով: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման հնդկաձավար, ոսպ և լոբի։
  • Տավուշի մարզի «Աչաջրի Հ․ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում դպրոցի ճաշարանի 4 աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական բժշկական զննության։

Տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր, իսկ ժամկետանց և անհայտ ծագմամբ սննդամթերքը տեղում ոչնչացվել է: