ԳլխավորԼուր

Դեղագիտությունից մինչև աբստրակտ արվեստ. ԵՊԲՀ ուսանողի  հետաքրքրության շրջանակը լայն է

Լուսինե Դարբինյանն իր աշխատանքի հետ

Դեղագետներն այն հերոսներն են, ովքեր կանգնած են բժշկության, գիտության և հիվանդների խնամքի խաչմերուկում: Այս համոզմանն է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Դարբինյանը:

«Բժշկական համալսարանում ուսումնառությունս բավականին հագեցած է անցնում, քանի որ բացի բուն ուսումնական պրոցեսին մասնակցելուց, նաև իմ բազմազբաղ առօրյայում ուրույն տեղն ունի Ուսանողական խորհրդարանը, որի մեծ ընտանիքի մի մասնիկն եմ և պատիվ եմ համարում ներկայանալ որպես Դեղագիտական ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի նախագահ։ Անկեղծանալով կասեմ, որ ի սկզբանե իմ ապագայի տեսլականը լրիվ այլ է եղել, սակայն կյանքն ինձ բացահայտեց մեկ այլ կողմից։ Ուսումնառության ընթացքում սիրահարվեցի ապագա մասնագիտությանս: Այժմ, ցավոք, շատերն ունեն տեղեկատվության պակաս մեր մասնագիտության խորը արմատների և լայն հեռանկարների վերաբերյալ, սակայն ես իմ պարտքն եմ համարում ուժերիս ներածին չափով զինել տեղեկատվությամբ իմ ընկերներին և հայրենակիցներին»,-նշում է Լուսինեն՝ հավելելով՝ դեղագետը և բժիշկը պետք է աշխատեն մեկ ընդհանուր օրգանիզմի պես, քանի որ առողջապահական ոլորտն առանց մեկը մյուսի թերի է։

Ապագա դեղագետի հետաքրքրության շրջանակը լայն է՝ գործարարություն, հոգեբանություն, արվեստ, իրավաբանություն… Այս շարքն անվերջ է, իսկ դեղագիտությունը նրա բոլոր նախասիրությունների համագումարն է։

Լուսինե Դարբինյանի կտավներից
Լուսինե Դարբինյանի կտավներից

«Կարող եմ վստահորեն ասել, որ ի ծնե արվեստն ինձ հետ է ապրում և ուղեկցում ամբողջ կյանքի ընթացքում։ Բազմաթիվ փորձերից և հազարավոր կատարած աշխատանքներից հետո՝ 2018 թվականին՝ 16 տարեկանում ընկերներիս խորհրդով հիմնեցի իմ ձեռագործ աշխատանքների հիման վրա ստեղծված հագուստի բրենդը, որով ցանկանում էի իմ շրջակա միջավայրում ցանկացած շունչ արվեստով լցված տեսնել։ Աշխատանքիս պտուղները նկատեցի ուսանողադասախոսական կազմի բազմաթիվ գոհունակության խոսքերի և անսպառ աջակցության շնորհիվ։  2021 թվականին դեղագիտական ֆակուլտետային խորհրդի մի շարք տաղանդավոր ուսանողների հետ 3 մասից բաղկացած ահռելի կտավ ենք նկարել և այն նվիրել մեր բուհին»,-ընդգծում է Լուսինեն։

Ապագա դեղագետը 2022 թվականին թողարկել է իր դիզայներական հագուստի առաջին տեսականին, որը սպառվել է հաշված օրերի ընթացքում։

«2023 թվականի սեպտեմբերին որոշում կայացրեցի, որ ամբողջ արվեստի բնագավառում կուտակած փորձն ու գիտելիքը պետք է ներդնեմ և իրականացնեմ իմ առաջին վարպետաց դասը, որի ընթացքում անգամ նկարելու հիմնավոր իմացությանը չտիրապետող մասնակից կարողացավ բացահայտել իր մեջ ապրող թաքնված արտիստին։ Մինչ օրս ես շարունակում եմ իմ աշխատանքները ու երբեք վրձիններս ցած չեմ դնում։ Այժմ աշխատում եմ իմ գալիք առաջին ցուցահանդեսի կտավների վրա, որն ինձ համար երազանք է և շատ խորհրդանշական իրականացնել հենց իմ Alma Mater-ում»,-մանրամասնում է ԵՊԲՀ ուսանողը։

Լուսինե Դարբինյանի կտավներից
Լուսինե Դարբինյանի կտավներից

Հերացիականը սիրում է կտավին հանձնել իր պատկերացումները աշխարհի նկատմամբ, այն ամենը, ինչն անիրական է և աննկատ, բայց և անչափ կարևոր. «Աբստրակտ արվեստը ամենայուրօրինակ բնագավառն է, որը ես ուսումնասիրել եմ: Այն ինձ թույլ է տալիս ազատվել իրականության սահմանափակումներից և խորանալ զգացմունքների, մտքերի և անսահմանության տիրույթում: Իմ աբստրակտ գործերը ներքին աշխարհիս կտավներն են, մի վայր, որտեղ ես կարող եմ արտահայտել անարտահայտելին և դիտորդին ներգրավվել երկխոսության մեջ»:

Խոսելով  Ուսանողական խորհրդարանի Դեղագիտական ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի մասին, նշում է, որ կազմակերպվում են սեմինարներ, ինտելեկտուալ խաղեր, այցեր դեղագործական կազմակերպություններ, ինտերակտիվ նիստեր, որոնք խորանում են դեղագործության տարբեր ճյուղերի մեջ՝ սկսած հետազոտության վերջին նվաճումներից մինչև հիվանդների հետ արդյունավետ հաղորդակցման արվեստը:

Լուսինե Դարբինյանի համոզմամբ՝ ուսումնառության ընթացքում կարևոր է տեսական հատվածից առավել ուշադրություն դարձնել գործնականին, լինել հավերժ հետազոտող:

Լուսինե Դարբինյանի կտավներից
Լուսինե Դարբինյանի կտավներից
Լուսինե Դարբինյանի կտավներից
Լուսինե Դարբինյանի կտավներից