ԳլխավորԼուր

Նախարարը հանդիպել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներից հետ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը, գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման անհրաժեշտությունը։

Նախարարը  շնորհակալություն է հայտնել ինստիտուտի գիտաշխատողներին՝ հետաքրքիր, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար, որի արդյունքն ու ձեռքբերումը նկատելի են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում:

«Ձեր անմիջական ջանքերով 29 տարի անց Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտի վերաբերյալ հայտը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, որը ոլորտի համար մեծ ձեռքբերում է։ Միասին դեռ շատ անելիքներ ունենք»,- ասել է նախարարը։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը տեսասահիկով ներկայացրել է կառույցի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրները։

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով. գիտնականները նախարարին բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ինստիտուտի կարիքների գնահատմանը, ակադեմիական քաղաք ծրագրին, բուհական և ակադեմիական կառույցների միջև համագործակցության ճկուն և գործուն մեխանիզմների ներդրմանը, ապագա մասնագետների պրակտիկ գործունեությանը, հուշարձանների պահպանությանը և այլ խնդիրների։

Անդրադարձ է եղել նաև հայկական գիտական ինդեքսավորման համակարգի ստեղծմանը, հայագիտության կարևորմանն ու զարգացմանը։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցների հանդիպումը նախարար Ժաննա Անդրեասյանի հետ