ԳլխավորԼուր

ՀՀ ԳԱԱ-ում հայոց լեզվին ու գրականությանը նվիրված համահայկական գիտաժողով է անցկացվել

ՀՀ ԳԱԱ-ում հայոց լեզվին ու գրականությանը նվիրված համահայկական գիտաժողով է անցկացվել

Ապրիլի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը։

«Աշխարհի բոլոր գիտությունները հայոց լեզվով են դառնում հայաշունչ և հայահունչ։ Մեր լեզուն հետաքրքիր ու հարուստ է։ Բայց կյանքը, հասարակական զարգացումները նրա առաջ ևս դնում են խնդիրներ՝ ի մասնավորի հնարավորինս հղկել, զարգացնել հայերենով ուսուցման լեզուն ու գտնել բարդ գիտությունը յուրաքանչյուր անհատի հնարավորություններին ու ընդունակություններին համապատասխան ձևով, այսինքն՝ հանրամատչելի ներկայացնելու ուղիներ։  Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլ, նախ և առաջ, ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային, հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք, որը պետք է դրված լինի պետական չափորոշչի հիմքում և ՀՀ հանրակրթական դպրոցում ուսուցանվի այդ ելակետով ու հիմունքով։

Հայ գրականություն առարկան իր կարևոր դերն ու առաքելությունն ունի։ Գրականությունն է, որ սովորեցնում է զգալ, հուզվել, ապրումակցել, ծանոթանալ մարդկային ու ազգային արժեքներին, սովորել դարերից եկած փորձը։ Գրականությունն է բարոյականության ամենամեծ ուսուցիչը, առանց որի պետական ու քաղաքակրթական ոչ մի զարգացում տեղի ունենալ չի կարող», — ասաց Կամո Աթայանը։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 16 զեկուցում։ Քննարկվեցին գրականագիտության, լեզվաբանության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները, հայագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում, գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերն արդիականացվող կրթական համակարգում, օլիմպիադաների անցկացումը։ Որոշվեց ձևավորել առաջարկությունների փաթեթ գրականագիտության, լեզվաբանության հանրամատչելիացման և հանրայնացման վերաբերյալ։

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից։