Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2025»-ը, որի շրջանակում տարվա լավագույն երգչուհի ճանաչվեց Սոնա Ռուբենյանը, իսկ տարվա լավագույն երգիչ` Էրիկ Կարապետյանը։
Լավագույն երգչուհի անվանակարգում ներկայացված էին նաև երգչուհիներ Իվետա Մուկուչյանը և Բրյունետը։
Լավագույն երգիչ անվանակարգում ներկայացված էին նաև երգչներ Արամ MP3–ին և Արամեն։
Լավագույն երգ անվանակարգում հաղթեց Արամ MP3–ի «Երևի» ստեղծագործությունը։
Նշենք, որ մրցանակաբաշխության խորհրդանիշի` «Խազեր» արձանիկի հեղինակը դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռն է: Նա ավելի վաղ ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու պատմել մրցանակի ստեղծման ու նշանակության մասին:
«Խազեր»-ը միջնադարյան նոտագրություն է, որն ուսումնասիրել է մեծն Կոմիտասը: Նա ընդգծել էր, որ ստեղծել է նման մրցանակ, որը պատկերում է արև, պար, և այն կոչել է խազապար:
Մյուս անվանակարգերի հաղթողները
«Լավագույն կոմպոզիտոր» ճանաչվեց Անդրանիկ Բերբերյանը:
«Լավագույն գործիքավորում» և «Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում» անվանակարգերում մրցանակը տրվեց Ավետիս Բերբերյանին՝ «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտի համար:
«Լավագույն հեղինակ-կատարող» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում մրցանակը տրվեց Yellowheart-ին:
«Լավագույն խումբ-նախագիծ» անվանակարգում մրցանակի արժանացավ LA Project-ը:
«Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն» անվանակարգում հաղթեց Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»-ն՝ բեմադրված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Լավագույն ռոք արտիստ կամ խումբ» ճանաչվեց «Նեմրա»-ն:
«Լավագույն հիփ-հոփ և R&B արտիստ կամ խումբ» անվանակարգում մրցանակի արժանացավ D’LITTE-ը:
«Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ» համարվեց Yerevan Calling-ը:
«Լավագույն դասական նախագիծ» անվանակարգում մրցանակը տրվեց «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ին:
«Լավագույն դասական երգիչ, երգչուհի» մրցանակին արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը:
«Լավագույն քավր» համարվեց Մարտին Ուլիխանյանի «Թող ամեն մի Նոր տարի մեր սրտերը ջերմացնի» երգը:
Հատուկ մրցանակը տրվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանին: