ԳլխավորԼուր

Ակադեմիայի ինստիտուտները բուհերին միավորելու ծրագիրն աղետալի է և ավերիչ. Աշոտ Մելքոնյան

Հանդիպում ԳԱԱ-ում

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու Կառավարության ծրագիրը շարունակում է բուռն քննարկումների կիզակետում մնալ գիտական հանրության շրջանում: Մասնավորապես ակադեմիայում այն համոզման են, որ նախագծի հետևանքով կտուժեն և´ կրթության, և´գիտության ոլորտները:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Usanogh.am-ի հետ զրույցում պնդում է` ծրագիրը երկու ոլորտների պարագայում էլ ավերիչ  և աղետալի հետևանքներ է ունենալու: Նա հակադարձում է ոմանց այն կարծիքին, թե  ակադեմիական համակարգը  խորհրդային տարիների մնացուկ և վերապրուկ է` շեշտելով, որ   այն հիմնադրվել է միջնադարյան Եվրոպայում. «Երբ ակադեմիայի ինստիտուտները բուհերին միավորելու ծրագրի շրջանակում մատնանշվում է արևմտյան փորձը, թերևս ամերիկյանը նկատի ունեն: Բայց ամերիկյան համալսարանները մեր համալսարանների հետ համեմատելի չեն: Մեր պարագայում դրանք բարձրագույն կրթական հաստատություններ են, որտեղ, օրինակ,  դասախոսը տարեկան 800-1200 ժամ դաս է պարապում. այս դեպքում գիտությամբ զբաղվելու հնարավորությունները բավական սահմանափակ են: Իսկ ամերիկյան մոդելի համալսարաններում դասախոսը տարեկան 200 ժամ է դասավանդում, իսկ մնացած իր ժամանակը նվիրում է գիտությանը»:

Աշոտ Մելքոնյանը բերում է մեր հարևան Վրաստանի, ինչպես նաև Ղազախստանի ձախողված փորձերը ակադեմիայի ինստիտուտները բուհերին միավորելու հարցում: Նրա խոսքով` Վրաստանում դրա հետևանքով գիտական ահռելի ներուժը պարզապես փոշիացվեց, և հիմա վրաց կոլեգաները խորհուրդ են տալիս մեզ չանցնել իրենց տրորած ճանապարհով: Բացի այդ` Պատմության ինստիտուտի տնօրենը շեշտում է, որ մեր բուհերը չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ, լաբորատորիաներ և այլ անհրաժեշտ պայմաններ.

«Խոսակցություններ կան, որ Հնագիտության և ազգագրության ու Պատմության ինստիտուտները միավորելու են ԵՊՀ պատմության ֆակուլտետին: Բայց այդ ֆակուլտետում բավական մեծ թվով թափուր տեղեր կան, ուսանողների թիվը փոքր է, և պատկերացրեք` 270-ից ավել հաստիք տանեն, տեղավորեն այդ ֆակուլտետում: Կստացվի, որ համալսարանում ավելի շատ գիտաշխատող կլինի, քան ուսանող. դրանից կտուժի և´ ակադեմիան, և´ բուհը»:

Աշոտ Մելքոնյանը փաստում է` առանց այդ էլ նախկին 50 ինստիտուտներից ակադեմիայում մնացել է 33-ը, 8000 գիտաշխատողից` 2800-ը. «Օպտիմալացում այսպես թե այնպես պարբերաբար լինում է: Բազմաթիվ ինստիտուտներ միավորվել են, օրինակ` տնտեսագիտական չորս ինստիտուտ է միավորվել: Բայց եթե ինստիտուտները ակադեմիայի կազմից հանվեն, ակադեմիան պարզապես կվերանա: Ի դեպ, այս ծրագրի առնչությամբ փակ քվեարկություն է տեղի ունեցել ակադեմիայում, և ոչ մի ինստիտուտ կողմ չի արտահայտվել  բուհերին միավորվելու ծրագրին: Իսկ ԿԳՄՍ նախարարի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ ես նշեցի, որ այնպիսի տպավորություն է` նախագիծը վաղուց կա, իսկ դրա շուրջ քննարկումները արմատական որևէ փոփոխության հանգեցնել չեն կարող»:

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 2-ին այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել նախագահության անդամների և գիտական ինստիտուտների և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Վերջիններս հետաքրքրվել են, թե ինչ ճակատագիր է սպասվում ԳԱԱ համակարգում գործող ինստիտուտներին։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: