Հունիսի 18-21-ը Երևանում, Աշտարակում և Մեծամորում կանցկացվի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագիրը կրող համաժողովը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Գիտաժողովի բացումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 18-ին: Նախատեսված են զեկուցումներ Ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումները, Աստղաֆիզիկան այսօր, Փորձարարական ֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, Լազերային ֆիզիկա թեմաներով:
Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Աշտարակի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: Այստեղ բացի զեկուցումներից նախատեսված է նաև փորձարարական մաս:
Հունիսի 20-ին աշխատանքները կշարունակվեն Մեծամորում տեղակայված Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Համաժողովի մասնակիցների համար ատոմակայանի մասնագետների կողմից կներկայացվեն զեկուցումներ ատոմային և միջուկային ֆիզիկայի վերաբերյալ: Մեծամորի ատոմակայանի աշխատանքային ողջ ցիկլը կուղեկցվի էքսկուրսիաներով և ցուցադրումներով: Աշխատանքային օրը կավարտվի ատոմակայանի ղեկավարության հետ հանդիպմամբ:
Գիտաժողովի վերջին օրը՝ հունիսի 21-ին, աշխատանքնեը կիրականացվեն Երևանում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտում:
Զեկուցումները կվերաբերեն քվանտային ֆիզիկային ու ավագ դպրոցում վերջինիս հիմունքների դասավանդմանը: Համաժողովի մասնակիցները կլինեն ինստիտուտի լաբորատորիաներում, հնարավորության սահմաններում ըստ նախասիրության կծանոթանան փորձարարական տեղակայանքներին: Ինստիտուտի տնօրեն Վ. Քոչարյանը ֆիզիկայի ուսուցիչներին կծանոթացնի ինստիտուտի պատմությանն ու ձեռքբերումներին:
4-օրյա աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր:
Մասնակիցների տեղափոխումը Աշտարակ և Մեծամոր իրականացվում է ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի մոտից՝ կենտրոնացված ձևով: Մասնակիցների սնունդը աշխատանքային բոլոր օրերին կազմակերպվում է տեղում:
Սննդի, ինչպես նաև մնացած բոլոր ծախսերը հոգում է ՀՀ ԳԱԱ-ն (լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 094-28-78-88 հեռախոսահամարով):
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ մինչև հունիսի 14-ը ներառյալ:
Գիտաժողովի օրակարգը կցվում է: