ԳլխավորԼուր

ԵՊՀ ֆիզիկոսների ներկայացրած թեման կֆինանսավորվի

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ԵՊՀ գիտնականների ներկայացրած «Հեղուկ բյուրեղային ալիքաթիթեղներ օպտոﬔխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության համար» գիտական թեման երաշխավորել է ֆինանսավորման։

Թեմայի վերաբերյալ Ysu.am-ը զրուցել է գիտական խմբի ղեկավար Ռաֆիկ Հակոբյանի հետ:

Ծրագրի նպատակն է զարգացնել տեխնոլոգիան և ավանդական հեղուկ բյուրեղների (ՀԲ) ու ՀԲ-ային էլաստոմերների հիման վրա՝ պատրաստել բազմաֆունկցիոնալ օպտիկական էլեմենտներ, ուսումնասիրել դրանց վրա մեխանիկական և արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությունները և դրանցով պայմանավորված՝ գծային ու ոչ գծային կողմնորոշումային ձևախախտումները։

Խոսելով թեմայի արդիականությունից՝ Ռ. Հակոբյանն ասաց. «Մեր օրերում կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրամաբանական սարքերի և այլ բնագավառներում էլեկտրական ազդանշաններից ակտիվորեն անցում է կատարվում օպտիկականներին: Դրանով պայմանավորված՝ հեղուկ բյուրեղային հիմքով ֆոտոնային տարբեր կառուցվածքներն ուսումնասիրելը դարձել է ֆիզիկայի ամենաարդիական ուղղություններից մեկը»։

Ռ. Հակոբյանի խոսքով՝ նախատեսվում են ընդգրկուն հետազոտություններ՝ հեղուկ բյուրեղային հիմքով բազմաֆունկցիոնալ ալիքաթիթեղների, օպտիկական դիոդների, նեղշերտ օպտիկական լուսազտիչների և լույսի տարածաժամանակային մոդուլյատորների ստեղծման ուղղությամբ։ Վերջիններս իրենց էլաստիկության, հեշտ կառավարելիության և լայնաշերտության շնորհիվ կարող են լայն կիրառություն ձեռք բերել օպտոմեխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում:

Անդրադառնալով առաջիկա հինգ տարիների անելիքներին՝ կապված հետազոտության ընթացքի հետ, գիտական խմբի ղեկավարը նշեց. «Մշակում ենք անիզոտրոպ հատկություններով էլաստոմերների և դրանց հիման վրա օպտիկական ալիքաթիթեղների պատրաստման տեխնոլոգիա, նախատեսում ենք ունենալ հոմեոտրոպ սահմանային պայմաններով ԽՀԲ թաղանթի հիման վրա ստեղծված, հեշտ ղեկավարվող փուլային թիթեղների լաբորատոր նմուշներ և դրանցով անցած լույսի բևեռացման հստակ պատկերը: Հինգ տարի անց նախատեսում ենք հետազոտական աշխատանքների արդյունքում ստեղծել ՀԲ-ային էլաստոմերների հիման վրա ախրոմատիկ ալիքաթիթեղներ»:

Ռ. Հակոբյանը հավելեց, որ մասնակիցների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Հետազոտողների խումբը համագործակցում է Կանադայի, Անգլիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ, որոնք հետազոտողներին փոխանցելու են հեղուկ բյուրեղային էլաստոմերների պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները:

Տվյալ ուղղությամբ խմբի ունեցած ձեռքբերումները, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ծրագիրը, կապված են հեղուկ բյուրեղների ուղղությամբ նախկինում կատարված հիմնարար հետազոտությունների հետ:

Ստացված արդյունքները կարող են օգտագործվել ցածր շեմի լազերների նախագծման, արևային բջիջների համակարգերում, խիրալ ֆոտոնիկայի մեջ և այլն:

«Մեր ստացած արդյունքները հրատարակելու ենք գրախոսվող այնպիսի գիտական ամսագրերում, ինչպիսիք են «Liquid Crystals»-ը, «Molecular Crystals and Liquid Crystal»-ը, ինչպես նաև տեղական «Ֆիզիկա» ամսագիրը։ Նախատեսվում է հեղինակավոր գիտական կոնֆերանսների և սեմինարների ընթացքում ներկայացնել այդ արդյունքները»,- ընդգծեց Ռ. Հակոբյանը։

Գիտության կոմիտեի անցկացրած գիտական և գիտատեխնիկական գործունեության՝ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեման, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանի գլխավորությամբ, ներկայացրել են Ռոման Ալավերդյանը, Գևորգ Գևորգյանը, Մաքսիմ Սարգսյանը, Մարիամ Հակոբյանը, Արամ Սարգսյանը և Մանուկ Հայկազյանը:

Հավելենք, որ ծրագրում առաջադրված խնդիրները աշխատանքային խմբի գիտական հետազոտությունների հիմնական ոլորտներից են. Ռաֆիկ Հակոբյանը և իր խումբը նշված ուղղությունը հետազոտում են ավելի քան 30 տարի, և այդ ընթացքում նրանք ընդհանուր առմամբ հրատարակել են 130-ից ավելի գիտական հոդված, մասնակցել 70-ից ավելի գիտաժողովի։