ԳլխավորԽճանկար

ԵՊՀ-ում ստացած իմ գիտելիքները միշտ հպարտանալու առիթ են տվել. Անահիտ Մարգարյան

Անահիտ Մարգարյան

ԵՊՀ շրջանավարտ Անահիտ Մարգարյանը Կադիսի համալսարանի (Իսպանիա) դոկտորանտ է։ Նա պատմել է ԵՊՀ-ում կրթություն ստանալու, Կադիսի համալսարանում կրթությունը շարունակելու, կրթական ծրագրերի և բուհերի հետ համագործակցության մասին:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում (նախկինում՝ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ) սովորելու ընթացքում իսպաներենի նկատմամբ հետաքրքրությունն Անահիտին մղել է ընդգրկվելու ուսումնական տարբեր ծրագրերում: Ուսումնառության առաջին տարիներից մասնակցել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) աշխատանքներին, իսկ 2016 թվականին՝ «ՀՀ լավագույն ուսանող» համապետական մրցույթում ճանաչվել հաղթող:

Համալսարանական կրթությունը՝ ամուր հիմք հետագա հաջողությունների համար

Գրականագետի և բանաստեղծի ընտանիքում մեծանալս նպաստել է մասնագիտական ընտրությանս: Ինքս շատ հետաքրքրված էի ընտանեկան ավանդույթները շարունակելու և նորովի զարգացնելու գաղափարով: Իսպանագիտության ընտրության մասին ընտանիքս տեղեկացել է ընդունելության հայտը լրացնելուց հետո միայն, ինչը բոլորի համար անակնկալ էր:

Փորձառու դասախոսների, նրանց մշակած մեթոդների շնորհիվ արդեն երկրորդ կուրսի ավարտին ազատ, գրագետ խոսում էի ու գրում իսպաներեն: Համատեղելով ուսումն ու աշխատանքը՝ սկսեցի իսպաներեն դասավանդել տարբեր կենտրոններում: Չլինելով իսպանախոս երկրում՝ համալսարանական կրթության շնորհիվ վարժ տիրապետում էի լեզվին՝ գիտական, բազմաշերտ բառապաշարի, բարդ շարահյուսական կառույցների մակարդակով:

Համալսարանական կրթությունն ինձ հասցրեց Կադիսի համալսարան

Մասնագիտական ճանապարհս շարունակել եմ «Միջմշակութային հաղորդակցություն և իսպաներեն» մագիստրոսական ծրագրով, որն էլ հնարավորություն էր ընձեռում «Էրազմուս+»-ի շրջանակում ուսանելու Կադիսի համալսարանում, որտեղ էլ երկու կիսամյակ շարունակեցի ուսումս: Այդ ընթացքում հասցրի նաև արտահերթ ընդունվել նույն համալսարանի դոկտորանտուրա՝ պրոֆեսոր Միգել Կասաս Գոմեսի ղեկավարությամբ և Գրանադայի համալսարանի պրոֆեսոր Պամելա Ֆաբերի համաղեկավարությամբ, որոնք Եվրոպայում կշիռ ունեցող գիտնականներ են: Միգել Կասասը Եվրոպայում բացառիկ գիտահետազոտական կենտրոն համարվող Կիրառական լեզվաբանության ինստիտուտի տնօրենն է։

Ուսանելով Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ԵՊՀ-ում ստացած իմ գիտելիքները միշտ հպարտանալու առիթ են տվել և մինչ օրս էլ տալիս են: Համալսարանական լինելն ինձ համար պատիվ է և օրհնություն: Ինձ կհասկանան այն մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով ու կրթությամբ ճանապարհ են անցել՝ արձանագրելով ձեռքբերումներ։

Շրջանավարտը՝ յուրահատուկ կապող օղակ երկու համալսարանների միջև

Համագործակցության արդյունքում բացվել է կենտրոն՝ երկու նստավայրերով՝ ԵՊՀ-ում (Հայ-իսպանական լսարան) և Կադիսի համալսարանում (Հայ-իսպանական կենտրոն): Նախկինում նմանօրինակ կենտրոն չի եղել, և սա էլ հենց ծրագրի նորարարությունն է: Պետք է նշել, որ ԵՊՀ-ում Հայ-իսպանական լսարանի ստեղծումը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի և, հատկապես, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանի ջանքերի արդյունքն է և նրա շարունակական տքնաջան աշխատանքի պտուղը միջազգային համագործակցության բնագավառում։ Լսարանի պաշտոնական բացման առիթով մի քանի ամիս առաջ Հայաստան էին ժամանել Կադիսի համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր Ռաֆայել Խիմենեսը, Լեզվական քաղաքականության վարչության ղեկավար Խավիեր դե Կոսը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ համագործակցության համալսարանական կենտրոնի պատասխանատու Անդրես Սանտանան:

Կադիսի համալսարանի հետ համագործակցությունը հիշարժան, նույնիսկ պատմական է: Այն նաև այդ համալսարանի հետ մոտ հինգ տարվա աշխատանքիս արդյունքն է։ Համագործակցություն, որն ստեղծեց փոխվստահություն, ինչն էլ դարձավ Կադիսի համալսարանում Հայ–իսպանական կենտրոնի ստեղծման հիմքերից մեկը։

Մեկ այլ նախաձեռնություն էլ իրականություն է դառնում ՀՀ Կառավարության ծրագրի, ԿԳՄՍ նախարարության, Իսպանիայում ՀՀ դեսպանատան ջանքերով։ Խոսքը վերաբերում է Կադիսի համալսարանում Հայագիտական ցանցային կենտրոններից մեկի բացման հնարավորությանը։

Գիտական գործունեության շարունակականությունը ստեղծում է բազմաթիվ ճանապարհներ

Դեռևս ուսանողական գիտական ընկերության անդամակցության տարիներից ՀՀ և Արցախի գիտական պարբերականներում տպագրված գիտական հոդվածներ ունեմ: Առանձնահատուկ պետք է կարևորեմ 2022 թվականին ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած երկլեզու (իսպաներեն-հայերեն) գիրքս՝ «Գ. Գուարչ. հարցազրույց պատմության համար», որի շնորհանդեսը տեղի ունեցավ Կադիսի համալսարանում: Գիրքը նվիրված է մեծ մարդասեր, հայ ժողովրդի պատմության հմուտ գիտակ, իսպանացի արձակագիր Գ. Գուարչին։ Նրա «Հայկական եռագրության» պատումները տեսականորեն և գործնականում միլիոնավոր օտարազգի մարդկանց պատմում են հայ-թուրքական հարաբերությունների մասին: Իմ վերլուծությունները առնչվում են նրա երկերի պոետիկային և պատմականությանը։ ԵՊՀ հրատարակչությունը գիրքը ներկայացրել է նաև Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում:

Պատահական չէ, որ հենց օրեր առաջ Իսպանիայում և Լատինական Ամերիկայում վերահրատարակվեց Գ. Գուարչի «Հայկական տոհմածառը» վեպը՝ իսպաներեն գրված իմ ծավալուն նախաբանով, որի վերաբերյալ Իսպանիայում մասնագիտական առաջին արձագանքները տպավորիչ են եղել գրողի համար։

Օրեր առաջ եմ վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ մի քանի ամիս տևած հետազոտական կեցությունս ամփոփեցի Հարվարդի և Միչիգանի ակադեմիական շրջանակներում: Հաջորդ տարի Կադիսի համալսարանում պաշտպանության է ներկայացվելու դոկտորական ատենախոսությունս՝ «Հակամարտության դիսկուրսը Հայկական հարցի վերաբերյալ իսպանալեզու աղբյուրներում և դրանց թարգմանություններում» թեմայով, որը ժամանակագրորեն ներառում է Հայոց ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքը:

Մեծագույն երազանքս՝ տեսնել Հայաստանը կայուն զարգացման ընթացքի մեջ, որին հասնելու միակ ճանապարհը կրթությունն է

Մենք չունենք շատ ռեսուրսներ, բայց ունենք մեծ ներուժ, որի շնորհիվ կարող ենք ստեղծել մեր երազանքների երկիրը:

Վերջերս կարդացի Թոմաս Էդիսոնի մտքերը: Նա ասում է, որ մեծապես հավատում է բախտին․ որքան շատ է աշխատում, այդքան բախտն ավելի է բերում: Ուստի ուսանողներին խորհուրդ եմ տալիս շատ աշխատել և իրենց մեջ բացահայտել այն կերպարը, որը ոգեշնչում է: