ԳլխավորԼուր

Մեկնարկում է «ԴիջիԿոդ 2023» ծրագրավորման պատանեկան մրցույթի մարզային փուլը

«ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթ

Ապրիլի 15-16-ին կմեկնարկի «ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի մարզային փուլը։

Ապրիլի 15-ին (ժամը 11-17-ը) մրցույթը կմեկնարկի միաժամանակ 4 կենտրոնում՝ Վանաձորի տեխնոկենտրոնում (Լոռի), Իջևանի պետական համալսարանում (Տավուշ, Գեղարքունիք), Քարահունջի միջնակարգ դպրոցում (Սյունիք, Արցախ, Ջավախք) և Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային գիտակրթական համալիրում (Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն, Երևան)։ Իսկ ապրիլի 16-ին կմրցեն Շիրակի տարածաշրջանի թիմերը՝ Գյումրու տեխնոկենտրոնում։

Մրցույթի մարզային փուլում մոտ 400 աշակերտ կմրցի Հայաստանի տարբեր մարզերից։ Այն մասնակիցները, որոնք կհաղթահարեն մարզային փուլը, ապրիլի 30-ին կուղևորվեն Երևան՝ մասնակցելու «ԴիջիԿոդ»-ի եզրափակիչ փուլին՝ Հայաստանի ամերիկյան համասարանում։

Ի դեպ, մրցույթն արդեն 8-րդ անգամ է անցկացվում՝ սկսած 2015-ից։ Այս տարիներին մրցույթին մասնակցել են հազարավոր դպրոցականներ, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ։ «ԴիջիԿոդ»-ի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է «Արարատ բանկ»-ը, տարածքային գործընկերներն են՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Իջևանի պետական համալսարանը, «Անանիա Շիրակացի» միջազգային գիտակրթական համալիրը, Քարահունջի միջնակարգ դպրոցը, բովանդակային գործընկերն է «Փինսայթ» կազմակերպությունը։