ԳլխավորԼուրԿրթություն

Ժամանակն է բոլոր ԲՈւՀ-երում ներդնել տվյալագիտությունը. Արտակ Հովսեփյան

Տվյալագիտություն

Մեքենայական ուսուցման (Deep Learning) դարաշրջանում տվյալներն ամեն ինչ են։ Մեր երկրի համար այդ գործն առաջադիմության չափազանց մեծ շանս է, ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային արագացման հանրային նախաձեռնության համակարգող Արտակ Հովսեփյանը։

«Առանց բնական հարստությունների և լոգիստիկ հնարավորությունների մեր երկրում մեծ տվյալների հավաքումը և ձևավորումը ապահովելու է ընդհանուր զբաղվածություն, թռիչքաձև և աննախադեպ զարգացում։

Այսօր պետք է մտնել այդ դաշտը։ Վաղն ուշ կլինի։

Միթե՞ Արցախի Մեսրոպ Մաշտոցի, Բրյուսովի համալսարանից և Իրական դպրոցից այլ հաստատություններ չկան, որ հասկանան այս։

2015 թվականին աշխարհում մեծ հեղափոխություն է տեղի ունեցել ծրագրավորման ոլորտում։ Ալգորիթները սկսել են գրել մեքենաները, իսկ մարդիկ ապահովում են մեծ տվյալներով (Big Data)՝ համադրված տվյալների շտեմարանով (Dataset), որտեղ մեքենային տալիս ենք մուտքային տվյալները և հուշում ենք, թե ինչ ենք ուզում ստանալ։ Մնացած ամբողջ գործը մեքենան է կատարում կոպիտ ասած մետաֆիզիկայի կանոններով։ Այն մետաֆիզիկայի, որը մերժվել է աշխարհը զոմբիացրած եվրոպական «լուսավորչությամբ»։

«Տվյալները դրանք գործի կեսն են» արտահայտություն շատ է հնացել։ Այսուհետև ժամանականից ծրագրավորման՝ խոր մեքենայական ուսուցման (Deep Learning) ոլորտում տվյալները գործի 99 տոկոսն են։ Եւ դա չի բացատրվում մարդային ծուլությամբ։ Ուղղակի ժամանակակից մարդը, որը 2 դար շարունակ տխրահռչակ եվրոպական «լուսավորչության» ազդեցության տակ է, դաստիարակվել է բոլոնյան համակարգով, ընդունակ չէ իր, այսպես կոչված «ռացիոնալիզմով» մշակել բարդ, խոր ու բազմակողմանի համակարգեր։ Այդ գործը շատ լավ անում են բութ ու կույր մեքենաները, եթե նրանց ապահովում են անհրաժեշտ տվյալներ (Big Data)։

Սա է նոր ծրագրավորման խոհանոցի գաղտնիքը։

Հետևաբար առաջնահերթ հարց է դառնում այդ տվյալներ հավաքողների և մշակողների պատրաստումը։ Ահա որն է դարի գերխնդիրը։ Անհրաժեշտ են մեծ թվով մարդիկ, որոնք ընդունակ են աշխատել մեծ տվյալների հետ։ Որոնել, ֆիլտրել, գտնել, գլխավորը երկրորդականից զանազանել, մշակել, համադրել եղածին։ Սրանք առանձնահատուկ հատկանիշներ են, որոնք մշտապես բնորոշել են մեր ժողովրդին։ Հենց այնպես չեն մեր նախնիները կոչվել արարչագործական։ Նույնիսկ համընդհանուր դեգրադացման պայմաններում պահպանվել են տվյալների, օգտակար տեղեկությունների հետ աշխատանքի տարրեր։ Ամեն հայի ենթագիտակցական մակարդակում այս տարրերը կան։ Գենային հիշողությունը դեռ չի մեռել, որքան էլ ագրեսիվորեն կազմաքանդում են արտաքին և ներքին թշնամիները հատկապես այս 30 տարիների ընթացքում։

Ուրեմն ժամանակն է անցել գործի։ Մենք կարող ենք և պարտավոր ենք վերցնել համաշխարհային նոր տվյալագիտությունը մեր ձեռքը։ Դա նախ և առաջ հնարավոր է, որովհետև Հայաստանը ըստ էության զերծ է մնացել եվրոպական «լուսավորչությունից»։ Այլ խոսքերով, դեմ չի գնացել հավատքին ու մետաֆիզիկային։

Ժամանակն է բոլոր ԲՈւՀ-երում ներդնել տվյալագիտությունը որպես կարևորագույն առարկա և պատշած ուշադրություն հատկացնել։

2019 թվականից լինելով այս ոլորտում մենք հասցրել ենք մի քանի մեթոդական ուղեցույցներ պատրաստել, թե ինչպես հավաքել և նախապես մշակել մեծ տվյալներ (Big Data)։ Ունենք հաջող փորձ մշակելու թվային գործիքներ ադրբեջաներենի և թուրքերենի համար։ Այժմ մշակվում են գործիքներ մոտ 10 լեզուներով։ Պատրաստ ենք անվճար մեր փորձով ու գիտելիքներով կիսվել։

Այս ճանապարհով բնական ռեսուրսից զուրկ Հայաստանում ահռելի հնարավորություններ կարող էին բացվել երկրի առաջ որպես մեծ տվյալների համաշխարհային մատակարարի։ Միայն այն, որ աշխարհի համար պատրաստված տվյալների պատճենները կպահվեն մեր մոտ, կարող է դառնալ Հայաստանի անվտանգության և բարձր հեղինակության գործիք։ Մի նոր՝ համաշխարհային Մատենադարանի մասին է խոսքը, այս անգամ թվայնացված տվյալների շտեմարանի։

Լրիվ իրականալի է, եթե համապատասխան կամք ու ցանկություն գեներացվի»,-գրել է Արտակ Հովսեփյանը։