ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ուսանելու հրավեր Գերմանիայում՝ աշակերտների համար

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD):

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.

Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,

• առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի իր դպրոցում,

• ունենա գերմաներենի իմացության առնվազն B1 մակարդակ,

• ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,

• չլինի ավարտական դասարանում,

• լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։

Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտները, որոնք երկար տարիներ ապրել են Գերմանիայում, ապա վերադարձել հայրենիք, կամ արդեն մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ներկայացնեն Հայաստանում առնվազն երեք տարվա հիմնական բնակությունը հաստատող փաստաթուղթ:

Այցը նախատեսվում է 08.08.2023- 05.09.2023 թթ.:

Հավակնորդներն ամենաուշը մինչև 2023 թ. ապրիլի 5-ը Գերմանիայի դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ հայտաթղթերը.

• էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ (որպես PDF նիշք),

• (անձնագրի) լուսանկար,

• ծնողների կողմից լրացված համաձայնություն,

• «Interessen und Motivation» լրացված հարցաթերթիկ,

• անձնագրի պատճեն (անձնագրի առկայության դեպքում),

• դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի և դպրոցական կյանքին ներգրավվածության վերաբերյալ,

• առողջության մասին հարցաթերթիկ։

Փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ դեսպանության ku-100@eriw.diplo.de հասցեին (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելագույնը 8 MB):

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան կայքից` https://eriwan.diplo.de/am-hy/-/2587616?view:

Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռ.՝ 010-599-646: