ԳլխավորԼուրՇոուբիզնես

Մաշա Մնջոյանը հաղթեց «Սլավյանսկի բազար -2023» մրցույթում

Մաշա Մնջոյան

Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը արժանացել է «Գրան Պրի» մրցանակի Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում անցկացված  «Սլավյանսկի բազար — 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում, տեղեկացնում են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից։

Մրցույթին այս տարի մասնակցում էր 15 երկիր։

Առաջին մրցութային օրը Մաշան կատարեց Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկու խոսքերով «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարեց Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակեց 135 միավոր ու արժանացավ «Գրան Պրի» մրցանակի: Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։

«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի արժանացավ Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվեց Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների միջև, իսկ 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։

Անահիտ Գալստյան, Վրեժ Կիրակոսյան
Անահիտ Գալստյան, Վրեժ Կիրակոսյան

Իսկ հուլիսի 12-14-ը տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար- 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթը, որին մասնակցում էր 18 երկիր՝ Բելառուս, Ղրղզստան, Սերբիա, Կոլումբիա, Էստոնիա, Ավստրալիա, Խորվաթիա, Ռուսաստան, Ղազախստան, Իսրայել, Բուլղարիա, Ուզբեկստան, Մեքսիկա, Ռումինիա, Իտալիա, Մոլդովա, Վրաստան և Հայաստան։

Հեղինակավոր մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրեց 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով երկու մրցութային օրերին վաստակելով 133 միավոր՝ արժանացավ երկրորդ մրցանակի։ Մեր պատվիրակն այդ հորիզոնականը կիսեց Ռուսաստանի մասնակցի հետ:

«Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Գրան Պրիին» արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչը, իսկ առաջին մրցանակին՝ Բելառուսի։ Մրցույթի 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղրղզստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։