ԳլխավորԼուր

Մրցույթ՝ «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով՝ Չարենցի 125-ամյակի առթիվ

Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:

Մրցույթի նպատակն է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, դպրոցահասակների շրջանում չարենցյան ոգին ճանաչելի դարձնելն ու նրանց՝ գրողի հայրենասիրությամբ տոգորելը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

• մարտի 9-ից 13-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում կհրապարակվի Եղիշե Չարենցի չափածո որևէ ստեղծագործությունից քառատող հատված՝ բառերի խառը դասավորությամբ,

• այն աշակերտը, ով առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի չափածո քառատողի ճիշտ տարբերակը, կհամարվի հաղթող,

• պատասխանը պետք է գրել հայատառ,

• պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,

• արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,

• հրապարակված տարբերակից հետո պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, դպրոց, դասարան:

• նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Հաղթած աշակերտները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ե. Չարենցի տուն-թանգարանի խրախուսական նվերներով: