ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

Անցկացվեց առաջին օնլայն «ծնողական ժողովը» (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հեռավար կրթության գործընթացի արդյունքներն ամփոփելու է՝ հասկանալու համար, թե ինչ ծավալով է այն իրականացվում, և արտակարգ դրությունից հետո կորոշի, թե արդյոք կերկարացվեն առկա եղանակով անցկացվելիք դասերը, և որքան լրացուցիչ դասաժամեր են անհրաժեշտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով անցկացրած «ծնողական ժողովի» ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա պարզաբանեց, որ հավաքագրվում է տեղեկատվությունը, թե ուսուցիչների որ մասը համացանցի կամ սարքերի բացակայության պատճառով չի կարողացել առցանց դասեր անցկացնել, և ըստ այդմ որոշումներ կկայացվեն դասերը երկարաձգելու վերաբերյալ։

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ գործարկվել է heravar.armedu.am կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որոնց օգնությամբ կարող է իրականացվել հեռավար ուսուցում։

Նա նկատեց, որ տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար եւ ծնողներին հորդորեց. «Հետևեք, որ երեխաները բակերում չհավաքվեն, այլ կապ պահպանեք դպրոցի և ուսուցիչների հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի»։

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով և «Ֆեյսբուք»-ով հեռարձակվող դասերը հասանելի կլինեն ԿԳՄՍ նախարարության «Յութուբ»-ի էջում։ Նա տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ իրադրության կարգավորումը նմանատիպ «ծնողական ժողովները» պարբերական կլինեն։

Comment here