ԳլխավորԼուր

«Անհոգ եղեք, բուհերի շենքերը վաճառելու որոշում չկա». ԿԳՄՍ նախարար

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է` բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում։ Նախարարն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց` պատասխանելով հարցին, թե ակադեմիական քաղաք հիմնելով և ներկայիս բուհերը վաճառելով ի՞նչ ենք թողնելու սերունդներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ մարտի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ ու հայտնել` գաղափար ունեն Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի, ստացված միջոցներով էլ Երևանից դուրս կառուցել քաղաք, որը կլինի բուհական ակադեմիական ավան։ Սա քննարկումների և քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։

«Անհոգ եղեք, շենքերը վաճառելու որոշում չկա։ Ավելին, չկա և չի էլ կարող լինել նման որոշում, որ, օրինակ, պետք է վաճառվի ԵՊՀ–ի շենքը։ Այս պահին ակադեմիական քաղաք հիմնելու միայն գաղափարը կա։ Խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանեցումն է։ Չենք կարող «նկուղային պայմաններում» բարձրագույն կրթություն ապահովել»,–ասաց Դումանյանը։

Նախարարը վստահեցնում է` եթե բուհերի շենքերը վաճառելու որոշում լինի, ապա դա իրեն էլ է մտահոգելու։ Դումանյանի խոսքով` սերունդներին թողնելու են բուհեր և լավ բուհեր։ Դա իրենց գերագույն ցանկությունն է։

Comment here