ԳլխավորԼուր

Ծրագրեր՝ ուղղված ներառական կրթությանը

Ներառական

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական, ՀՀ 17 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն իրականացրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման մի շարք աշխատանքներ, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթության առանձնահատուկ պայմանների գնահատում, վերապատրաստման դասընթացներ, մշտադիտարկումներ և խորհրդատվություններ, բովանդակային մշակումների և վարպետության դասերի միջոցով աջակցության տրամադրում։

Ըստ այդմ՝ 2419 սովորողի համար իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրվել շուրջ 7000 սովորողի, խորհրդատվություններ են ստացել 1521 ուսումնական հաստատության շուրջ 25330 մանկավարժ, ուսուցչի օգնական, մասնագետ, ծնողներ, երեխաներ և այլք։ 3045 ուսումնական հաստատությունում, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, իրականացվել է մշտադիտարկում:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների ու Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 4155 մանկավարժական աշխատողների համար իրականացրել է վերապատրաստման դասընթացներ, նաև՝ առցանց ձևաչափով, ՀՀ ՏՄԱԿ-ների, կենտրոնի մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ կառույցների աշխատակիցների մշակած բովանդակային նյութերի փորձաքննություն և առաջարկությունների ներկայացում։

Համընդհանուր ներառական կրթության իրականացման գործընթացում մանկավարժներին մեթոդական աջակցություն տրամադրելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը մշակել է 3 մեթոդական ձեռնարկ՝ ուսուցիչների, նախադպրոցական մանկավարժների և ծնողների համար:

«Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացրել է նաև «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ենթածրագիրը, որը նախատեսում է ուսուցիչների և նրանց օգնականների վերապատրաստում և մենթորության ծրագրի իրականացում:

2020 թվականի ընթացքում մենթորական աջակցություն է տրամադրվել 141 ուսումնական հաստատության 4056 մանկավարժի։

Comment here