ԳլխավորԼուր

Նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով. ԿԳՄՍ փոխնախարար

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր Տավուշի մարզից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դրանց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Տավուշում մեկնարկած խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նա տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: «Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն՝ ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- համոզված է փոխնախարարը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարն ասել է, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ պարզաբանել է, որ բոլոր դասարաններում, բացի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարններից, գործում են նախկին ուսումնական պլանները: Նոր մշակված ուսպլանների առանձնահատկությունն այն է, որ դրանք կիրառվելու են 2 տարի: Նա նաև նշել է, որ ընթացքի մեջ է տնօրենների վերապատրաստումը. նրանք ծանոթանում են ուսումնական պլանի մշակման սկզբունքներին: «Նոր ուսումնական տարի մուտք ենք գործելու նորամուծութուններով, սակայն պետք չէ տագնապել: Մենք ձեր կողքին ենք և միասին կհաղթահարենք ցանկացած արգելք»,- վստահեցրել է Ա.Թորոսյանը:

Խորհրդակցությանը ներկա Տավուշի մարզի դպրոցների տնօրենները, կրթական ոլորտի ներկայացուցիչները նախարարի տեղակալին են ուղղել տարաբնույթ հարցեր դրույքաչափի, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարիֆիկացիոն մատյանների կազմման, ֆինանսավորման չափաքանակների, կամավոր ատեստավորման, կրթության կազմակերպման վերաբերյալ:

Comment here