ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը

«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթ

2025 թվականի հունվարի 24-ին պաշտոնապես մեկնարկել է «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը, որը համատեղ իրականացնում են «Կորիզ» կրթական ծրագիրը և «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ՝ դառնալով կրթական կարևորագույն միջոցառում՝ խթանելով դպրոցականների ընթերցասիրությունը և մտավոր զարգացումը։

«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը բաղկացած երկու փուլից և մրցանակաբաշխությունից։ Առաջին փուլն անցկացվում է առցանց (օնլայն) տարբերակով, իսկ երկրորդը՝ օֆլայն։ Մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն Koreez 2025 շոու-մրցանակաբաշխության ժամանակ։

Մրցույթի հաղթող աշակերտներն ընդհանուր 1,500,000 դրամ մրցանակային ֆոնդից կստանան «Ալենյան» կրթաթոշակ՝ 200,000, 150,000 և 100,000 դրամ, ինչպես նաև այլ խրախուսական նվերներ։

Ովքեր կարող են մասնակցել

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների 3-9-րդ դասարանի աշակերտները։ Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել համապատասխան բաժինը։

Մրցույթի գրանցման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 2-ը։

Մրցույթի առաքելությունը

«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը նպատակ ունի խթանել ընթերցասիրությունը, զարգացնել դպրոցականների լեզվամտածողական կարողությունները, բարելավել նրանց քննադատական մտածողությունը և նպաստել կրթական առաջադիմությանը։ Ընթերցանությունը կարևոր դեր ունի աշակերտների մտավոր զարգացման մեջ՝ հարստացնում է նրանց բառապաշարը, խորացնում գիտելիքները և աջակցում ինքնակրթությանը։

Մրցույթն անվանակոչված է Արցախի հերոս Ալեն Մարգարյանի պատվին՝ նպատակ ունենալով դաստիարակել հայրենասեր, բանիմաց և ընթերցասեր սերունդ։

2024 թվականին անցկացված առաջին մրցույթին մասնակցել են ավելի քան 2200 աշակերտներ, որոնցից ավելի քան 100-ը խրախուսվեցին, իսկ լավագույն 7-ը ստացան գլխավոր մրցանակներ, ներառյալ ընտանիքով ճանապարհորդություն դեպի Դուբայ։

«Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթ