ԳլխավորԽոսք

Ձեր կյանքի նշանակալի մասում ձանձրույթն է տիրապետելու. Իոսիֆ Բրոդսկին՝ շրջանավարտներին

Երեկո, մայրամուտ, աղջիկ, երկաթուղի

Ներկայացնում ենք ազգությամբ հրեա ռուս բանաստեղծ, էսսեիստ, Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկու (24.05.1940-28.01.1996)  խոսքը Դարթմըթի համալսարանի շրջանավարտներին (1989 թ. հուլիս)։ Աղբյուրը՝ granish.org։

***

Ձեզ սպասվելիք կյանքի նշանակալի մասում ձանձրույթն է տիրապետող լինելու: Պատճառը, որ ուզում եմ խոսել այսօր դրա շուրջ, այսպիսի հանդիսավոր առիթով, այն է, որ ես հավատացած եմ՝ ոչ մի հումանիտար համալսարան ձեզ չի պատրաստում այդպիսի դիպվածի, և Դարթմըթն էլ բացառություն չէ: Ո՛չ հումանիտար և ո՛չ էլ ճշգրիտ գիտությունները ձանձրույթի դասընթացներ չեն առաջարկում: Լավագույն դեպքում, նրանք կարող են ծանոթացնել ձեզ այդ զգացումին՝ ենթարկվել ստիպելու եղանակով: Բայց ի՞նչ ասել է պատահական շփումը՝ անբուժելի հիվանդության համեմատ: Ամբիոնից եկող վատթարագույն միապաղաղ ձայնը կամ աչք հոգնեցնող դասագիրքը՝ ճոռոմ անգլերենով, ոչինչ են ի համեմատ այն հոգեբանական Սահարայի, որ սկիզբ է առնում անմիջապես ձեր ննջասենյակում և ճնշում հորիզոնը:

Ծանոթ լինելով մեզ մի քանի հոմանիշներով՝ թախիծ, տրտմություն, տաղտուկ, մելամաղձ, միապաղաղություն, կսկիծ, անտարբերություն, վհատմունք, թալկություն, քնկոտություն, նվաղում, հուսալքություն և այլն, ձանձրույթը խրթին երևույթ է և, ընդհանուր առմամբ, կրկնողության հետևանք: Ուստիև, կարող էր թվալ, թե լավագույն դարմանը դրա դեմ շարունակական հնարամտությունն ու յուրօրինակությունն են, ասել կուզի՝ հենց այն, ինչին և դուք՝ երիտասարդներդ և խիզախներդ, կարող էիք ապավինել: Այնինչ, ավա՜ղ, կյանքը ձեզ այդպիսի հնարավորությամբ չի օժտի, քանզի կյանքի հիմնական արտահայտչաձևը հենց կրկնողականությունն է:

Ոմանք կարող են, հարկավ, առարկել՝ թե յուրօրինակությանն ու ստեղծարարությանը միտված անդադրում փորձերը առաջխաղացման և, դրա հետ մեկտեղ, քաղաքակրթության շարժիչ ուժն են: Հետահայացի օգտավետությունն էլ հենց այն է, սակայն, որ, այնուամենայնիվ, այդ շարժիչը բոլորովին էլ ամենաարժեքավորը չէ: Վասնզի եթե մենք մեր տեսակի պատմությունը դասդասենք ըստ գիտական հայտնագործությունների՝ տակավին չվկայակոչելով բարոյական գաղափարները, ապա արդյունքն ի նպաստ մեզ չի լինի: Պարզ ասած՝ մենք ձանձրույթի դարեր կվաստակենք: Յուրօրինակության կամ նորարարության հենց միայն հասկացությունն իսկ երևան է բերում անհոլով իրականության և կյանքի միօրինակությունը, որի գլխավոր նշանակը մերժումն է, իսկ ոճը՝ ձանձրույթը:

Դրանով էլ նա՝ կյանքը, տարբերվում է արվեստից, որի վատթարագույն թշնամին, ինչպես հավանաբար գիտեք, կլիշեն է: Հետևաբար և պակաս զարմանալի է, որ արվեստը ևս անզոր է ուսուցելու ձեզ՝ ինչպես հաղթահարել ձանձրույթը: Այս հարցի շուրջ մի քանի վեպեր են գրվել, ավելի քիչ՝ գեղանկարներ կերտվել, իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, այն տվյալ դեպքում զգալի չափով աննշմարելի է: Իբրև կանոն՝ արվեստը փարատում է ձանձրույթը ինքնապաշտպանական, հեգնական եղանակով: Տաղտուկից՝ կլիշեի այդ էքզիստենցիալ համազորից խույս տալու և արվեստը ձեզ համար մխիթարանք դարձնելու միակ միջոցը ինքներդ արվեստագետ դառնալու մեջ է: Թեպետ, հաշվի առնելով ձեր քանակը, այդ հեռանկարը ևս որքան անհրապույր, նույնքան էլ նվազ հավանական է:

Այնինչ եթե անգամ այս սկզբնափուլից ամբողջ ուժով առաջ նետվեք դեպի գրամեքենաները, կտավակալները և Սթայնվեյ դաշնամուրները, միևնույն է, ձանձրույթից ամբողջովին չեք պատսպարվի: Եթե կրկնությունը ձանձրույթի մայրն է, ապա դուք՝ երիտասարդներդ և համարձակներդ, շուտափույթ կխեղդվեք ճանաչման պակասից և ցածր աշխատավարձից, քանզի երկուսն էլ քրոնիկական են արվեստի աշխարհում: Այս տեսանկյունից՝ գրողական աշխատանքը, նկարչությունը, երաժշտություն հորինելը ակներև զիջում են իրավաբանական ընկերությունում, դրամատանը կամ էլ նույնիսկ լաբորատորիայում աշխատելուն:

Եվ սրանում է, անշուշտ, արվեստի փրկարար ողորմածությունը: Չլինելով շահութաբեր՝ այն դեմոգրաֆիայի զոհ է դառնում բավական հարկադրաբար: Քանզի եթե, ինչպես և արդեն ասացինք, կրկնությունը ձանձրույթի մայրն է, ապա դեմոգրաֆիան (որին վիճակված է անհամեմատ ավելի մեծ դեր խաղալու ձեր կյանքում, քան այստեղ ձեր յուրացրած կամայական առարկայի) նրա մյուս ծնողն է: Սա կարող է հակամարդասիրական հնչել ձեզ համար, բայց ես ավելի քան ձեր երկու տարիքին եմ, և իմ աչքերի առաջ է երկրագնդի բնակչությունը կրկնապատկվել: Իսկ երբ հասած լինեք իմ տարիքին, այն արդեն քառապատիկ ավելին կլինի, սակայն ոչ այն կերպ, ինչպես որ դուք էիք ակնկալում: Զորօրինակ, 2000 թվականին մշակութային և էթնիկական այնպիսի վերափոխումներ են սպասվում, որպիսիք իսկական մարտահրավեր կլինեն սեփական մարդկային բնության վերաբերյալ ձեր ունեցած պատկերացումներին:

Հենց միայն սա արդեն կկրճատի յուրօրինակության և ստեղծագործականության հեռանկարներն իբրև ձանձրույթի դեմ հակաթույնի: Սակայն նույնիսկ շատ ավելի միապաղաղ աշխարհում էլ ինքնատիպության և ստեղծարարության հետ կապված մյուս բարդությունը հենց այն է, որ դրանք տառացիորեն փոխհատուցվում են: Պայմանով, որ դուք ընդունակ եք երկուսին էլ, ապա բավական արագ կհարստանաք: Որքան էլ դա բաղձալի լինի, ձեզանից շատերը սեփական փորձով գիտեն, որ ոչ ոքի այնպես չի տանջում ձանձրույթը, ինչպես որ հարուստներին, քանզի փողով կարող ես ժամանակ գնել, իսկ ժամանակը հակված է կրկնությանը: Ելնելով նրանից, որ դուք հետամուտ չեք աղքատության (քանի որ այլապես համալսարան չէիք ընդունվի), կարելի է ենթադրել, որ ձանձրույթը կհամակի ձեզ, հենց որ ինքնաբավականության առաջին գործիքները մատչելի դառնան ձեզ:

Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների՝ այդ գործիքները նույնքան բազմաթիվ են, որքան ձանձրույթի հոմանիշները: Նկատի առնելով դրանց գործառույթը՝ օգնել ձեզ անտեսելու ժամանակի գերավելցուկը, նրանց այդ առատությունը քողազերծ է: Հավասարապես քողազերծ և բացահայտ է նաև ձեր գնողունակության գործառույթը, առ որի բարձունքներն էլ դուք առաջ կընթանաք այս սկզբնակետից՝ այդ գործիքներից մի քանիսի չխչխկոցի և բզզոցի ներքո, գործիքներ, որոնք ամուր բռնել են ձեր ծնողներն ու ազգականները: Սա մարգարեական տեսիլ է, տիկնայք և պարոնայք 1989 թ. շրջանավարտներ, քանզի դուք ոտք եք դնում մի աշխարհ, որտեղ ձայնագրությունն ու դիպվածը նսեմացնում են ինքնին իրադարձությունը, տեսա – և ձայնահամակարգերի, հեռակառավարման վահանակների, մարզահագուստների և վարժասարքերի աշխարհը, որոնք լավ մարզավիճակում են պահում ձեզ, որպեսզի վերստին ապրեք սեփական կամ էլ ուրիշ մեկի անցյալը: Կենդանի մարմին պահանջող պահածոյացված հրճվանքի աշխարհը:

Ամեն բան, ինչը հանդես է բերում նմուշը, կաղապարը, հղի է ձանձրույթով: Զգալի չափով դա վերաբերում է փողին. ինչպես դրամատոմսերին որպես այդպիսին, այնպես էլ դրանց տիրանալուն: Հարկավ, ես աղքատությունը ձանձրույթից փրկվելու միջոց չեմ հռչակում, թեպետ որ Սուրբ Ֆրանցիսկուսին, ըստ երևույթին, հենց այդ միջոցն էր հաջողվել: Բայցևայնպես, չնայած մեզ շրջապատող զրկանքներին՝ նոր վանական միաբանությունների գաղափարն առանձնապես հրապուրիչ չի թվում վիդեո-քրիստոնեության (video-Christianity) մեր դարաշրջանում: Ընդսմին, երիտասարդներ և խիզախներ, դուք շատ ավելի հակված եք բարիք գործելու Հարավային կամ մեկ ուրիշ Աֆրիկայում, քան ձեր հարևանությամբ, և կամովին կհրաժարվեք ձեր սիրելի հանքային ջրից, քանց չքավոր մի թաղամաս մտնելու փորձ կանեք: Ուստիև ոչ ոք ձեզ աղքատության հորդոր չի կարդում: Միակ բանը, որ ձեզ կարող է առաջարկվել, փողի հետ դույզն-ինչ ավելի խոհեմ լինելն է, քանի որ ձեր հաշիվների զրոները կարող են ձեր հոգևոր համարժեքները դառնալ:

Ինչ վերաբերում է աղքատությանը, ապա ձանձրույթը նրա հարուցած թշվառության ամենադաժան կողմն է, և նրանից ազատվելու փորձերն էլ ավելի արմատական ձևեր են ընդունում. հուժկու ընդվզումի կամ թմրամոլության: Երկուսն էլ, սակայն, ժամանակավոր են, քանզի աղքատության թշվառությունն անվերջավոր է, և երկուսն էլ, ի հետևանս այդ անվերջավորության, թանկ արժեն: Առհասարակ, երակները հերոին խոթող մարդն այդ քայլին է գնում առավելապես նույն այն պատճառաբանությամբ, որով դուք տեսաերիզ եք գնում. ժամանակի խեղդուկից ճողոպրելու համար: Այն տարբերությամբ, սակայն, որ իր ստացածի համեմատ նա ավելին է ծախսում, և նրա փրկության եղանակները նույնքան խեղդող են դառնում, որքան այն, ինչից նա փախչում է, ինչպես նաև՝ էլ ավելի արագ, քան ձերը: Ամփոփ ասած՝ շոշափելի տարբերությունը ներարկիչի ասեղի և ստերեոյի սեղմակոճակի միջև գրեթե համընկեց է ունևորների և չունևորների վրա ժամանակի ազդեցության սրության և բթության միջև առկա տարբերությանը: Միով բանիվ՝ հարուստ թե աղքատ, վաղ թե ուշ դուք տառապելու եք ժամանակի այդ հեղձուկից:

Պոտենցիալ ունևորներդ կձանձրանաք ձեր աշխատանքից, ընկերներից, կողակիցներից, սիրեցյալներից, ձեր պատուհանից բացվող տեսարանից, սենյակի կահույքից կամ որմնապաստառից, ձեր մտքերից, վերջապես՝ ինքներդ ձեզնից: Եվ, հետևաբար, կփորձեք փրկության եղանակներ հղանալ: Ի լրումն ինքնաբավականություն պատճառող վերոնշյալ միջոցների՝ դուք փորձ կանեք փոխելու ձեր աշխատանքը, բնակության վայրը, շրջապատը, երկիրը, կլիման: Դուք կարող եք տրվել այլասերությանը, ալկոհոլին, շրջագայություններին, խոհարարական դասընթացներին, թմրադեղերին, հոգեվերլուծությանը:

Ասենք, դուք կարող եք անխտիր այս բոլորն էլ փորձել, և առժամանակ դա կարող է աշխատել: Մինչև, իհարկե, այն օրը, երբ կարթնանաք ձեր ննջարանում՝ մի նոր ընտանիքի մեջ և ուրիշ որմնապաստառներով պատերի, մեկ այլ երկրում և կլիմայական պայմաններում, ձեր ճամփորդական գործակալության և հոգեբանի ուղարկած հաշվեկույտերով, բայց նաև պատուհանից ներս հորդող օրալույսի այն նույն հեղձուցիչ զգացողությամբ: Դուք հազիվ ձգում-հագնում եք ձեր մարզակոշիկները և նոր միայն հայտնաբերում, որ նրանք լեզվակներ չունեն՝ «իմացյալի սահմաններից ձեզ դուրս քաշել-հանելու համար»: Կախված ձեր խառնվածքից կամ տարիքից՝ դուք խուճապի եք մատնվում կամ հնազանդվում այդ զգացողության ընտելականությանը: Կամ էլ մեկ անգամ ևս ստիպված լինում անցնել փոփոխությունների անհեթեթության ուղիով:

Նևրոզը և դեպրեսիան մուտք կգործեն ձեր բառապաշար, հաբերը՝ ձեր դեղատուփ: Իսկն ասած, ոչ մի վատ բան չկա կյանքն այլընտրանքների, հարափոփոխ զբաղմունքների, կողակիցների, միջավայրերի ևն անընդմեջ փնտրտուքի վերածելու մեջ՝ պայմանով, որ դուք ի վիճակի եք ձեզ ալիմենտներ և խառնաշփոթ հիշողություններ թույլ տալու: Ի վերջո, այս իրողությունը բավականաչափ գովերգվել է էկրանին և ռոմանտիկ պոեզիայում: Խոչընդոտը, սակայն, այն բանում է, որ շատ չանցած՝ այդ փնտրտուքը վերածվում է լրիվ դրույքով աշխատանքի, և այլընտրանքի ձեր պահանջմունքն սկսում է համազորվել թմրամոլի առօրյա չափաբաժնին:

Այնուհանդերձ, այս ամենից ևս մեկ ելք էլ գոյություն ունի: Ձեր պատկերացմամբ գուցե և ոչ ավելի լավը և ոչ անպայմանորեն ապահով, բայց պարզորոշ և ոչ թանկ: Ձեզանից նրանք, ովքեր կարդացել են Ռոբերտ Ֆրոսթի «A Servant to Servants»-ը, հավանորեն հիշում են նրա այս տողը. «Լավագույն ելքը միշտ միջով-ն է» [2]: Եվ այն, ինչ ես պատրաստվում եմ առաջարկել, մի տարեղանակ է այդ թեմայի շուրջ:

Երբ ձեզ համակում է ձանձրույթը, անձնատուր եղեք նրան: Թույլ տվեք, որ այն ձեզ ճզմի. ընկղմվեք, իջեք մինչև նրա հատակը: Որպես կանոն, անախորժությունների բախվելիս սկզբունքը սա է. որքան շուտ դիպչեք դրանց հատակին և թափանցեք դրանց բուն էության մեջ, այնքան արագ մակերես դուրս կգաք: Ասվածի խորհուրդն այն է, անգլալեզու մեկ այլ խոշոր բանաստեղծի խոսքերով ասած, որ «լիահայաց նայեք ուղիղ վատթարագույնին» [3]: Ձանձրույթին այսպիսի համակ ուշադրություն հատկացնելու պատճառն այն է, որ այն ինքնին զուտ անլուծանելի ժամանակն է ներկայացնում՝ իր կրկնողական, խեղդող և միապաղաղ ողջ շքեղությամբ հանդերձ:

Ձանձրույթը, այսպես ասած, ժամանակին և նրա այն հատկանիշներին նայելու մեր պատուհանն է, որոնք մենք հակված ենք անտեսելու՝ դիմացինի հոգեկան հավասարակշռությունը վտանգի ենթարկելու աստիճան: Մի խոսքով, այն ժամանակի անսահմանությանը հայացք նետելու ձեր պատուհանն է, այլ կերպ ասած՝ անվերջավոր ժամանակի մեջ ձեր անկարևորությանը հայացք նետելու պատուհանը: Ահա թե ինչով է, հավանաբար, բացատրվում մենավոր, անձուկ երեկոների երկյուղը և այն զմայլանքը, որով մենք աչքերով երբեմն հետևում ենք արևաշողի մեջ պտույտ գործող փոշահատիկը, և ինչ-որ մի տեղ ժամացույցն է տկտկում, դրսում շոգ է, իսկ մեր կամքի ուժը՝ զրոյական:

Հենց որ բացվի այդ պատուհանը, չփորձեք շրխկոցով փակել այն: Այլ ճիշտ հակառակը՝ նետվեք լայնորեն բացելու: Որովհետև ձանձրույթը ժամանակի լեզվով է խոսում, և նրան վիճակված է ձեր կյանքի ամենաարժեքավոր դասը տալու ձեզ, դաս, որը դուք այստեղ, այս կանաչ բացատներում չեք ստացել. ձեր ծայրագույն անկարևորության դասը: Դա էական է ձեզ, ինչպես նաև նրանց համար, որոնց հետ շփվելու եք: «Դու վերջավոր ես», – ասում է ձեզ ժամանակը ձանձրույթի լեզվով, «և ինչ էլ որ անելիս լինես, իմ տեսանկյունից անիմաստ է»: Հարկավ, ձեր ականջներին սա երաժշտության պես չի հնչի: Սակայն, նույնիսկ ձեր ամենավսեմ, ամենախանդավառ քայլերի անիմաստության, անձուկ նշանակալիության զգացողությունն առավել նախընտրելի է, քան դրանց արգասավետության խաբկանքը և վերջինիս ուղեկցող ինքնապարծությունը:

Վասնզի ձանձրույթը — ժամանակի ներխուժումն է ձեր արժեհամակարգ: Այն զետեղում է ձեր գոյությունը գոյության հեռանկարի մեջ, որի վերջնական արդյունքն էլ ճշգրտությունն է և հնազանդությունը: Առաջինը, հարկ է նշել, հարուցում է երկրորդը: Որքան շատ եք դուք իմանում մեծության սեփական չափերի մասին, այնքան առավել հնազանդ և ավելի կարեկից եք դառնում ձեզնմանների հանդեպ և այն փոշեհատիկի, որ պտտվում է արևաշողի մեջ կամ էլ արդեն անշարժ ընկած է ձեր սեղանին: Ա՜հ, որքա՜ն կյանքեր են այդ փոշեհատիկների բաժին դարձել: Եվ ոչ թե ձեր, այլ հենց փոշեհատիկների տեսանկյունից: Նրանց համար դուք այն եք, ինչ որ ժամանակն է ձեզ համար: Ահա թե ինչու են նրանք այդքա՜ն փոքր: Եվ գիտե՞ք՝ ինչ է ասում փոշին, երբ սեղանի վրայից սրբվելիս է լինում.

«Հիշիր ինձ», —

շշնջում է փոշին [4]:

Ոչինչ չի կարող առավել հեռու լինել ձեզանից ցանկացածի հոգեկերտվածքից, երիտասարդներ և խիզախներ, քան այսօր արդեն ննջեցյալ գերմանացի բանաստեղծ Պետեր Հուխելի այս երկտողում արտահայտված զգացումը:

Ես մեջբերեցի այն ոչ նպատակավ մանր բաների հանդեպ ձեր մեջ հակում հարուցելու. սերմնահատիկների և սածիլների, ավազահատիկների և, կամ, մժղուկների: Մանր, բայց բազմաքանակ: Ես վկայակոչեցի այդ տողերը, քանի որ դրանք ինձ դուր են գալիս, դրանցում ես ինքս ինձ եմ ճանաչում և ընդհանրապես ասած՝ առկա մակերեսից սրբվելիք ցանկացած կենդանի օրգանիզմի: «Հիշիր ինձ», – ասում է փոշին: Եվ լսելի է սրանում այն, որ եթե ինքներս մեր մասին ժամանակից ինչ-որ բան իմանանք, ապա միգուցե ժամանակն էլ իր հերթին ինչ-որ բան իմանա մեզանից: Եվ ի՞նչ կարող է դա լինել: Զիջելով ժամանակին նշանակալիության հարցում՝ մենք գերազանցում ենք նրան նրբազգացության մեջ:

Ահա թե ինչ ասել է՝ անկարևոր լինել: Ու եթե կամքը կաթվածող ձանձրույթ է հարկավոր՝ վերն ասվածի մեջ համոզվելու համար, ուրեմն կեցցե՛ ձանձրույթը: Դուք երկրորդական եք, քանի որ վերջավոր եք: Այնինչ, որքան վերջավոր է իրը, այնքան այն լեցուն է կյանքով, հույզերով, խնդությամբ, վախերով, կարեկցությամբ: Քանզի անվերջությունն սոսկալիորեն ո՛չ կենսալից է և ո՛չ էլ հուզառատ: Համենայն դեպս, ձեր ձանձրույթը հենց այդ էլ վկայում է: Որովհետև ձեր ձանձրույթը անվերջության ձանձրույթն է:

Հարգեք, ուրեմն, նրա ծագումը հնարավորինս նույնքան, որքան ձեր սեփականը: Քանզի հենց այդ անկենդան մշտնջենականության կանխազգացումն է, որ բացահայտում է հաճախ նոր կյանք բեղմնավորող մարդկային զգացմունքների խորությունը: Սա չի նշանակում, թե դուք ձանձրույթից եք ծնունդ առել, և կամ որ վերջավորը վերջավոր է ծնում (թեև երկուսն էլ ճշմարտանման կարող են հնչել), այլ, ավելի շուտ, հուշում է, որ կիրքը անկարևորի, աննշանի, երկրորդականի առանձնաշնորհն է:

Ուստի ջանացեք կրակոտ մնալ, սառնասրտությունն աստղերին թողեք: Կիրքը, ամենից առաջ, սպեղանի է ձանձրույթի դեմ: Մյուսը, իհարկե, ցավն է. և ֆիզիկականն ավելի, քան հոգեկանը, կրքի մշտական ուղեկիցն է: Թեպետ ես ձեզ ո՛չ մեկն եմ ցանկանում և ո՛չ էլ մյուսը: Այնհուհանդերձ, երբ ցավ եք ապրում, գոնե վստահ եք, որ համենայն դեպս խաբված չեք եղել (մարմնապես կամ հոգեպես): Ըստ որում՝ ձանձրույթի, տրտմության, ձեր սեփական և մնացյալ բոլոր գոյությունների անիմաստության զգացումի դրական կողմն էլ այն է, որ դա խաբեություն չէ:

Դուք կարող եք փորձել նաև դետեկտիվ վեպեր կարդալ կամ մարտաֆիլմեր դիտել, մի բան, որ տեղափոխում է ձեզ այնտեղ, ուր դեռևս չեք եղել բառայնորեն-տեսողականորեն-հոգեբանորեն, մի բան, որ կարող է տևել գոնե մի քանի ժամ: Խուսափեք հեռուստատեսությունից և հատկապես ալիքները փոխելուց. դա մարմնական խեղդուկ է: Այնինչ եթե այս միջոցներն անզոր դուրս գան, ապա ներս թողեք այն և «թանձրացող խավարը նետեք ձեր հոգին» [5]: Բաց արեք ձեր գիրկը կամ էլ թույլ տվեք, որ ձանձրույթն ու թախիծն իրենց գիրկն առնեն ձեզ, որոնք իրենց չափերով այսպես թե այնպես մեծ են ձեզանից: Անկասկած, դուք շնչասպառ կլինեք նրանց գրկում, բայց փորձեք դիմանալ ըստ կարելույն, ապա՝ ևս մի քիչ: Եվ ամենագլխավորը. չկարծեք, թե դուք վրիպել եք ինչ-որ տեղ, չփորձեք հետ դառնալ սխալն ուղղելու համար: Ո՛չ. ինչպես պոետն է ասել՝ «հավատա ցավիդ»: Այս զարհուրելի «արջի գրկախառնություն»-ը սխալմունք չէ: Եվ այն, ինչ ձեզ նեղն է լծում՝ նույնպես: Ընդմիշտ հիշեք. այս աշխարհում չկա այնպիսի մի գրկախառնություն, որ վերջիվերջո չթուլանա:

Եթե այս ամենը ձեզ մռայլ է թվում, ապա դուք չգիտեք՝ ինչ բան է մռայլությունը: Եթե անկարևոր եք համարում, հուսամ՝ ժամանակը հօգուտ ձեզ կվկայի: Իսկ եթե անտեղի եք կարծում այսպիսի հանդիսավոր առիթի համար, ապա ստիպված եմ չհամաձայնել:

Ես համամիտ կլինեի ձեզ հետ, եթե ներկա առիթը ձեր այստեղ մնալը խորհրդանշելիս լիներ: Մինչդեռ այն ձեր հեռանալն է նշանավորում: Վաղը արդեն դուք այստեղ չեք լինի, քանզի ձեր ծնողները միայն չորս տարվա համար են վճարել և ոչ մի ավել օրվա: Այնպես որ դուք դեռ պետք է ևս մի որևէ այլ տեղ գնաք, ուղի հարթեք ձեզ համար, գումար վաստակեք, ընտանիք կազմեք, ձեր եզակի ճակատագրերը գտնեք: Իսկ ինչ վերաբերում է այդ «որևէ մի այլ տեղ»-ին, ապա ո՛չ աստղերը, ո՛չ արևադարձային գոտիները և ո՛չ էլ Վերմոնթի սահմանից անդին տեղյակ չեն Դարթմըթի բացատում ընթացող այս հանդիսավոր արարողությանը: Եվ ոչ ոք չի էլ կարող նույնիսկ երաշխիք տալ, որ ձեր նվագախմբի ձայնը կհասնի գոնե մինչև Ուայթ Րիվըր Ջանքշն [6]:

Դուք լքում եք այս վայրը, 1989 թ. շրջանավարտներ: Դուք ոտք եք դնում մի աշխարհ, որն անհամեմատ խիտ է բնակեցված, քան այս խուլ թավուտը, և որտեղ շատ ավելի քիչ ուշադրության եք արժանանալու, քան որ ընտելացեք էիք վերջին չորս տարիներին: Դուք արդեն միանգամայն ինքնուրույն եք: Ինչ վերաբերում է ձեր նշանակալիությանը, ապա կարող եք արագորեն չափել այն՝ ներկա գտնվող 1100 հոգուդ թվապես համադրելով աշխարհի բնակչության 4,9 միլիոնին: Ողջամտությունը, հետևաբար, նույնքան է պատշաճում սույն առիթին, որքան շեփորանվագը:

Ես ձեզ միմիայն երջանկություն եմ ցանկանում: Բայցևայնպես, բազում գորշ և, որ ավելի վատ է, վհատեցնող ժամեր են լինելու՝ ծնունդ առած որքան որ արտաքին աշխարհից, նույնքան էլ ձեր սեփական մտքերից: Ինչ-որ ձևով դուք պետք է ուժ առնեք դրա դեմ, ինչում էլ ես փորձեցի իմ տկար ուժերով օգնել ձեզ: Թեև դա, ակնհայտորեն, բավարար չէ:

Քանզի այն, ինչ ձեզ սպասվում է, ուշագրավ, բայց հոգեմաշ շրջագայություն է: Դուք այսօր նստում եք, այսպես ասած, հսկողությունից դուրս եկած մի գնացք: Ոչ ոք չի կարող ասել, թե առջևում ինչ է լինելու և ամենաքիչը հենց նրանք, ովքեր ետևում են մնալու: Այնուհանդերձ, մի բանում նրանք կարող են ձեզ հավաստիացնել. այն, որ այդ ուղևորությունն անհետադարձ է լինելու: Ուստի փորձեք ինչ-որ կերպ սփոփանք գտնել այն մտքում, որ ինչքան էլ տհաճ լինի այս կամ այն կայարանը, կանգառն այնտեղ հավերժական չի լինելու: Հետևաբար, դուք երբեք չեք խցանվի նույնիսկ այնժամ, երբ համոզված կլինեք դրանում: Այս վայրն այսօրվանից դառնում է ձեր անցյալը: Այսուհետ այն միայն ավելի ու ավելի փոքր է երևալու ձեզ, քանի որ գնացքը մշտական ընթացքի մեջ է լինելու: Այն շարունակելու է փոքրանալ նույնիսկ այնժամ, երբ կկարծեք, թե խցանվել եք… Ուրեմն մի վերջին անգամ հայացք նետեք այս վայրին, քանի դեռ այն իր բնական չափերն ունի, քանի դեռ տակավին լուսանկար չէ: Նայեք նրան համակ գորովանքով, քանի որ դուք ձեր անցյալին եք նայում: Լիահայաց զննեք այս հնարավոր լավագույնը, որ կարող էր պատահել ձեզ հետ: Քանզի ես կասկածում եմ, որ դուք երբևէ ավելի երջանիկ կլինեք, քան որ այստեղ էիք:

Թարգմ. անգլ. և ծանոթագր.՝ Գևորգ Ճաղարյանի