ԳլխավորԼուր

Գրիգը Գերմանիայում արժանացել է Ռյուկերտի անվան մրցանակի

Հայ ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյան) Գերմանիայում արժանացել է Ռյուկերտի անվան մրցանակի, տեղեկացնում են Գերմանիայիում Հայաստանի դեսպանությունից։

Մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած՝ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը:

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո: Ողջույնի խոսքով հանդես է եկել Քոբուրգի 2-րդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը: Անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ռյուկերտի անվան մրցանակը հանձնվել է Գրիգոր Շաշիկյանին (Գրիգ) «Հիսուսի կատուն» վեպի համար:

Վեպը գերմաներեն թարգմանել են Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Միջոցառումն ուղեկցվել է Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կողմից հայկական երաժշտական- և պարեղանակների կատարումներով: