ԳլխավորԼուր

Երևանում բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 155 մասնակից

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած ավելի քան 150 քաղաքացու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ժամը 10։00-ի դրությամբ 155 քաղաքացի է բերվել ոստիկանություն «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով»,- տեղեկացրել են ոստիկանությունից։

Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 8։00-ից՝ որոշ ժամանակով փակելով բազմաթիվ փողոցներ։

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, որն անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել Հանրապետության փողոցից, ոստիկանական մեքենայի միջից ուղիղ եթեր է մտել և հայտնել, որ ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա, որպեսզի իրենց ընդունեն։

«Նախ մեզ բերեցին Զեյթունի բաժին, բայց ասացին` տեղ չկա, ու մեզ տեղափոխում են ոստիկանության Էրեբունու բաժին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։

***

Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը դարձել էր 286։