Ավելի լուրջԳլխավորԽոսք

Պատուհանը

Կիսաբաց է:

Անձրեւից բացի ուրիշ բան չեմ տեսնում, ամայի է. անձրեւի ձայն, համաչափ, բնական, մաքուր: Քարե շենքերը ծածկել են տեսադաշտիս միակ գեղեցկությունը՝ Սարը, մի փոքր կտոր են թողել, հազիվ նշմարվող: Կարդում եմ իտալացու նամակը, որ հայացքից հայացք է անցնում, ցանցից ցանց, լեզվից լեզու:
…Նոյի ժամանակների տրանսֆորմացիա է ասես: Տապանի փոխարեն՝ ամեն մարդ իր տանը: Տուն – Ապաստան:

Ամեն մարդ աղոթք է անում, ապաշխարելու հորդորներ են տեղում:

Ժամանակը նահանջել է, օրերի հերթականությունը մոռացվել: Հաշվարկ չկա, միայն հիմա-ն է, այսօրը:
Այս զրույցը անվերջ է, բոլորի համար է, շատերի փոխարեն, ովքեր չսովորեցին զրուցել անգամ հիմա ու մնում են փակված դեռ հին պատյանի մեջ. ի՜նչ զսպաշապիկ պայմանականության:

Նյութը փոխվում է՝ ավելի նուրբ, ավելի առաձգական, ավելի հաղորդական է դառնում, ազատագրվում է: Պահը ինքնամերձեցման, էության ճանաչողության, որ ի սկզբանե նույնն է եղել, ու նույնն է ամենուր՝ այն անծանոթի հետ, որ նույն տագնապն ունի Ինդոնեզիայում, Շրի Լանկայում, կամ Շանհայում, այն միայնակ հայի հետ, որ ապրում է Կարիբյանի սուրբ Վինսենթ կղզում ու հրաշալի բանաստեղծություն է գրում հայերեն, մի ֆրանսիացու, պատշգամբում երգող մի իտալացու, կամ նիգերիացու հետ:

Նոր Աշխարհակարգ, նշաննե՞ր, ինչ է չգիտեի՞նք: Չէի՛նք հավատում: Մեկուսացնել, ինքնամեկուսացվելն է նոր, նոր կեցություն, նոր կենսաձեւ, նոր կանոններ սոցիալակարգի, որ գիտակցություն ու վերաբերմունք է փոխում՝ անկախ մեր կամքից: Եվ ո՞վ է մեզ ազատություն բերել՝ մա՞րդը. ո՞ր մարդը, մի՞թե… Եվ Ճշմարտապես Ո՛վ է այն մեզ տալու…

Քաղաքները դատարկվե՞լ են. վերջապե՛ս, ավտոմեքենաների շառաչյունից պայթող, մորթվող մեր քաղաքները: Օդը մաքրվե՞լ է, արտադրամասերը կանգ են առել, թույն չեն առաքում էլ վերեւ. միայն այն ինչ անհր աժե՛շտ է բավարար կեցության համար: Բնությունը ինքնամաքրվում է՝ բանական իր միակ արարածին հեռացնում, արտաքսում իրենից: Կրքերը հանդարտվել, անհագուրդ ցանկությունները սանձահարվել են: Իսկ մտքե՞րը: Դեռ որքան ագրեսիվ կենսունակ են դրանք: Ի՜նչ տարատեսակ ձեւերի մտաէակներ են արտանետվում, պտտվում, լցվում մթնոլորտ, մտքերի ինչ հոսք է ՝ մաքուր, անմաքուր, բանական, անբանական՝ խառը, աղետաբեր ու… Բարեգութ: (Մտքերը կանոնակարգելու, վերահսկելու ճանապարհ կա՞, թե՞ չկա… )

…Հայացքիս առաջ տատանվում է դիմացի պատի նկարը՝ մարդկային անհասցե ֆիգուրները՝ Արտոյի… չի դադարում.- վախեցնող է:

Ու ամեն մեկի հեռացումը գույժ է, ցավ է, վախ է.

.
Չեմ ուզում անձրեւը դադարի, — ի՜նչ արձագանք է, չէ՞, վերեւից

Շոյում է Երկիրը: Աղոթքի պես է:
Մերկացնում է տեսողությունը: Լռեցնելու պես է:
Լվանում է ցավը, անպարփակելի ցավը, որ գոյության մյուս ձեւերին իջավ սկզբից, հետո՝ մեզ…

Անձրեւը —
Իջնում է որպես հույս:
Որպես մխիթարություն:
Որպես երաժշտություն:
Այն միակը, որից սնվում են պոետները:
Մերթ ուժեղ, մերթ դանդաղ, մերթ հատ- հատ:
Թող չդադարի դրսից ներս թափանցող միակ արձագանքն այս, բնության ամոքիչ խոսքը- Զրույցն այս իմաստուն:

Մենք Նոյի զավակներից որի՞ց ենք սերում…
Այդ ինչպես որ չհասկացանք Խոնարհության արժեքը, իմաստը, մեծությունը…
Իսկ կշռաչա՞փը…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

29. 03. 2020

Comment here