Ավելի լուրջԳլխավորԽոսք

Այսօր քո օրն է, ուսանող, ու նրանցը, որ չհասցրեցին ուսանող դառնալ

Մեր սերնդի ուսանողական տարիները համընկան Արցախյան առաջին պատերազմի ու ցուրտումութ տարիների հետ։ Ու երբ մեր երեխաները մեկ-մեկ դժգոհում կամ տրտնջում են ուսանողական կյանքի դժվարություններից, միամիտ հպարտությամբ հիշում-պատմում ենք. «Դուք որ իմանաք մենք ոնց ենք սովորել մոմի լույսի տակ, ցուրտ լսարանում… Դուք որ իմանաք, թե մեր կուրսից քանի տղա հետ չեկան, ու քանիսն են հետո երկար տարիներ իրենք իրենց լուռ մտորել՝ իսկ ես ինչի չէի ռազմաճակատում… Բայց որ իմանաք ինչ համազգային հրճվանք էր՝ Լաչինի միջանցքը բացելու, Շուշիի ազատագրման օրերին…»։

Ուսանողների ու դիմորդների այս սերունդը ավելի մեծ ցնցումների է ենթարկվում. կորոնավիրուսի պատճառով խաթարված դասապրոցես, հեռավար-առկա ուսուցման խառնաշփոթ, 2020-ի ընդունելության մեղմ ասած՝ տարօրինակ ընթացք, բողոքի ցույցեր, ու այդ ամենի հետ՝ սոցիալական վիճակի կտրուկ վատթարացում, բայց եւ կրթավճարների պարտադրանք։

Ու այդ խառնաշփոթը չմարսած՝ պատերազմ։

Ու էլի կամավորագրված ուսանողներ, ու էլի ժամկետային զինծառայողներ, որոնց մի մասն ուսանող դառնալու երազանք ուներ։

Դուք էլ տարիներ անց ձեր երեխաներին, երբ նրանք տրտնջան ուսման դժվարություններից, կպատմեք, թե դուք ինչերի միջով եք անցել, ու եթե մեր բառապաշարում «մոմի լույս», «ցուրտ», «չվերադարձած ընկերներ» ու «հաղթական պատերազմ» է, ձեր բառապաշարում կլինի «կորոնավիրուս», «դիմակ», «Zoom հարթակ», «օնլայն դասեր», ԱԹՍ, «չվերադարձած ընկերներ» ու «պատերազմ»։

Բայց որպեսզի այսօրվա պարտությունը կարճ տեւի, ու կարողանաք պատմել դրան հաջորդած հաղթական ու վերջին պատերազմի մասին,  այսօր պետք է ընդամենը չհուսալքվել, պարտությունը փաստելով հանդերձ՝ երբեք չհաշտվել այդ մտքի հետ, համախմբվել մեկ միասնական գաղափարի շուրջ ու, իհարկե, սովորել։

Սովորել ու դառնալ կիրթ ու դաստիարակող ուսուցիչ, գրագետ սպա, հմուտ ծրագրավորող, ինժեներ, շինարար ու պատմաբան, իրավաբան ու լեզվագետ, նկարիչ ու ֆինանսիստ…

Միայն այդ դեպքում ամեն մեկդ ձեր չափով ու ձեր տեղում կարող եք կառուցել անառիկ ու երջանիկ մարդկանցով բնակեցված ամրոցը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։

usanogh.am

Comment here