ԳլխավորԼուրԽճանկար

Ինչո՞վ են զբաղվում հայաստանցիներն ինտերնետում

Ինչո՞վ են զբաղված հայաստանցիք ինտերնետում, հարցնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը media.am կայքում։ Այս հարցի շատ տրամաբանական և ակնհայտ պատասխանը մեկն է․ նստած են սոցցանցերում, հիմնականում «Ֆեյսբուքում», «ՏիկՏոկում» և «Ինստագրամում»։ Նստած են «Տելեգրամի» ամենաաննկարագրելի և թունավոր ալիքներում։

Կարդում ու նայում են լրատվական կայքերը՝ հիմնականում հայալեզու և ռուսալեզու, տեղական և ռուսաստանյան։ List.am-ում վաճառում և գնում են հնարավորն ու անհնարինը՝ ներառյալ գայլի հմայիլներն ու նկարազարդ ծամոնները։ Բնականաբար, օր և հիմնականում գիշեր նստած են պոռնոգրաֆիկ կայքերում, բայց թաքցնում են դա բոլոր ձևերով։

Բայց արդյո՞ք այդ պատկերը օբյեկտիվ է։ Իհարկե, վիճելու բան չէ, որ սոցիալական ցանցերը Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում, ամենաայցելվող և ակտիվ շահագործվող հարթակներն են։ Եվ դրանց հետ մրցակցում են պոռնոգրաֆիկ կայքերը, լրատվականները և օնլայն առևտրի հարթակները։ Սա է այսօրվա ինտերնետի հիմնական պատկերը գրեթե ամենուր։

Միգուցե Վատիկանում պատկերը մի քիչ այլ լինի (ամեն դեպքում, Վատիկանի ինտերնետը գրեթե նույնքան խորհրդավոր է, որքան Վատիկանի գաղտնի գրադարանը, որտեղ մուտք ունեն միայն հատուկենտ ընտրյալներ։ Կարող ենք իմանալ միայն մի բան․ այստեղ արտառոց մեծ է դեսքթոփային թրաֆիկը՝ համեմատած մոբայլի հետ)։

Հիմնական շարժը համացանցում դեռ չի նշանակում, որ դրանով մենք սահմանափակվում ենք։ Բայց վատն այն է, որ հստակ պատկեր չկա, չեն կատարվում խորացված, և ամենակարևորը, պարբերականությամբ կրկնվող, դինամիկային հետևող ուսումնասիրություններ, որոնք թույլ կտային պատկերացնել, թե ինչով է ապրում Հայաստանի հասարակությունը, ինչ փոփոխություններ կան և այլն։

Անգամ թեթև ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ Հայաստանը, ի տարբերություն շատ այլ երկրների՝ նույնիսկ համեմատելի բնակչությամբ, շատ խիստ կախվածություն ունի արտասահմանյան ցանցային տիրույթից։ Ինչպես արտադրվող բովանդակության, այնպես էլ այցելվող հարթակների տեսանկյունից։

Հայաստանի հասարակության կախվածությունը անվերահսկելի հարթակներից և բովանդակությունից ստեղծում է բազմաթիվ խնդիրներ։

Ամենաարդիականներից, օրինակ, այն է, որ բիզնեսի և լրատվականների կախվածությունը «Ֆեյսբուքից» աննկարագրելի մեծ է։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: