ԳլխավորԺամանց

Սիրո հարցում ինքս ինձ խնայել չեմ սիրում․ մաքսիմալ նվիրվող եմ. Ռոզի Ավետիսովա

Վերջերս նրան տեսանք Սեդրակ Գոջամանյանի «No make up» ներկայացման մեջ, ինչպես նաև` Թատրոն տանիքում օրերս եղավ առաջնախաղ` ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանը բեմադրել էր Ֆրանսուազ Սագանի «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» գործը, և ներկայացման գլխավոր հերոսուհին կրկին նա է: Դե իսկ Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» կանայք ֆիլմում նրա կերտած կնոջ կերպարը ևս արտառոց է:

Իհարկե, խոսքը դերասանուհի Ռոզի Ավետիսովայի մասին է: Usanogh.am-ը նրա հետ զրուցել է թատրոնում, կինոյում մարմնավորած դերերի, սիրո, երջանկության և այլ թեմաների մասին:

-Ռոզի´, «Թատրոն տանիքում» ֆորմատը, իսկապես նոր էր մեր իրականության մեջ: Ներկայացում` գինու ուղեկցությամբ, յուրահատուկ տաքուկ մնոլորտ: Կպատմե՞ք «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» ներկայացման մեջ ձեր մարմնավորած հերոսուհու մասին:

-Այո, Տանիքի սիրահարներն իսկապես շատ են, այն, վստահ կարելի է ասել, կայացել է իր ձևաչափում: Մենք մի ավանդույթ ունենք` ներկայացումից հետո հատուկ հարթակում դերասանները շփվում են հանդիսատեսի հետ: Դա նոր երևույթ է մեր թատրոնի համար: Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն` Նատալիին, որը Ֆրանսիայի գավառներից մեկից է, խիստ ինտելեկտուալ կին է, իր սիրելու ձևի մեջ ինչ-որ առումով հնաոճ ու ռոմանտիկ: Մենք ասում ենք` նա ներկայացման արևն է, սերը իր մուտքով է գալիս: Նա դեռ ունակ է սիրելու, երջանկացնելու դեպրեսիայի մեջ գտնվող հերոսին`փարիզցի լրագրող Ժիլին: Այս կինը վերացող, իսկ այսօր գուցե արդեն վերացած տեսակ է:

-Հիմա սերը աշխարհում որոշ դեպքերում մեկնաբանվում է որպես «old style» երևույթ:

-Մարդիկ հեռացել են այդ անկեղծ զգացմունքից, հաճախ ապրում են առանց սիրո: Ի դեպ, ասեմ, որ այս կերպարն ինձ բավական բարդ տրվեց: Իսկ ինձ համար որքան բարդ` այնքան հետաքրքիր. այդ դեպքում ես դու իսկապես ստեղծագործում:

-Իսկ սիրո հետ կապված ձեր պատկերացումները փոխվե՞լ են, օրինակ` ինչպե՞ս էիք մտածում 20-ում, և ինչպե՞ս եք մտածում արդեն 30-ից հետո:

-Դա, իհարկե, ինչպես ամեն բան, փոխվում է ժամանակի ընթացքում: Վերջերս մի միտք հանդիպեցի. «Սերը լավ բան է, ես դրա մասին կարդացել եմ»: Որքան ապրում ես, այնքան հասկանում ես, որ քո պատկերացումները երիտասարդ տարիքում այլ են եղել, սկզբում դու դա ընկալում ես որպես հրաշք, հետո որքան մեծանում ես, հասկանում ես, որ դա սովորական բան է, որը պետք է քեզ հետ պատահի, և պարտադիր չէ հանուն այդ գաղափարի ծայրահեղ մտքեր ունենալ: Ամեն բան շատ ավելի պարզ է, բայց այդ պարզության մեջ ոչինչ չի արժեզրկվում, միևնույն է, մեր կյանքի ամենահրաշալի ընթացքը այն ժամանակ է, երբ մենք սիրահարվում ու սիրում ենք: Դա գեղեցիկ է, ու դու ես այդ ժամանակ գեղեցիկ:

-Հաճա՞խ եք սիրահարվում:

-Հիմա` չէ: Իսկ, առհասարակ, սիրո հարցում մաքսիմալ նվիրվող եմ, կիսատ ոչինչ չեմ սիրում: Չեմ սիրում ինքս ինձ խնայել այդ հարցում, էական չէ` հետո կտուժեմ դրանից, թե ոչ: Կարևորը հիման է և այս պահը: Գուցե դա գալիս է իմ էմոցիոնալ լինելուց: Իհարկե, հիմա ես կարող եմ իմ բոլոր էմոցիաները կառավարել, բայց կառավարումը մի բան է, խնայողությունը`այլ բան:

-Հնարավո՞ր է գժի նման իրար սիրել, բայց չկարողանալ միմյանց հետ հարաբերություն կառուցել:

-Ամեն դեպքում, երբ մարդիկ իրար սիրում են, դա ձգողական էներգիա է ստեղծում, չես կարող երկու մագնիս իրար մոտ պահել, ու դրանք չկպչեն, եթե չկպան` ուրեմն մեկը մագնիս չէր: Երբ մարդիկ սիրում են, արդարացում են փնտրում` ինչու են այդ մարդու հետ, այլ ոչ թե`թե ինչու չեն կարող լինել այդ մարդու հետ:

-Հիմա Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

-Թող մնա գաղտնիք (ծիծաղում է):

-Վերջերս մեծ էկրանին տեսանք ձեր մասնակցությամբ «Սևազգեստ կանայք» ֆիլմը, ինչպիսի՞ն է այնտեղ ձեր կերպարը: Ի՞նչ տվեց այդ ֆիլմը ձեզ:

-«Սևազգեստ կանայք» ֆիլմը միանշանակ տարբերվում է շատ այլ ֆիլմերից իր էսթետիկայով, մատուցման ձևով, դրա շնորհիվ հնարավորություն ունեցա աշխատելու ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ` մարդ, որը դրսի դպրոցի ներկայացուցիչ է, կինոաշխարհում ունի իր ձեռագիրը: Գոռին ասում ենք. «Ըհըն, հերթական դիակի մասին ֆիլմն է արել» (Գոռ Կիրակոսյանի մեկ այլ` «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում ևս «հերոսներից մեկը» հանգուցյալ է-հեղ.), բայց հրաշալի է, երբ ռեժիսորը գիտի` ինքն ինչ է ուզում նկարել: Այդ դեպքում դերասանն էլ պրոֆեսիոնալ առումով աճ է գրանցում: Այստեղ ես ավելի վայրի, կոպիտ տեսակի կնոջ դերում եմ, նա հերոսի սիրուհիներից մեկն է: Այս կերպարը նաև արտաքին փոփոխությունների հնարավորություն է տվել ինձ, ինչի համար շատ ուրախ եմ:

-Ռոզի, Արցախի կորստից հետո ինչպե՞ս կարողացաք ձեզ վերագտնել և առաջ շարժվել:

-Աշխատանքը օգնեց թերևս բոլորին, մեր դեպքում` ավելի շատ, քանի որ հնարավորություն ունենք իրականությունից կտրվելու, ինչը չունեն շատ այլ մասնագետներ: Մենք կարող ենք տարածություն ու ժամանակ փոխել, գոնե 2-3 ժամով չմտածել ինչ-ինչ բաների մասին: Աշխատելը պարտադիր է, եթե մենք ներքուստ հանձնվենք, միևնույն է` որևէ հարցի լուծում չենք տալու: Եթե այդ միտումը դառնա համատարած, ամեն ինչ կանգ կառնի, կգնա վերջնական կործանման: Պետք է հասկանալ` ինչ կատարվեց, ճիշտ գնահատական տալ այդ ամենին, ճիշտ վերլուծել, բայց շարունակել ապրել ու արարել:

-Հիմա ապրելիս ու արարելիս մտածու՞մ եք` եթե ձեր կուրսղեկը` Վահե Սուրենիչը ողջ լիներ, այս կամ այն հարցի շուրջ ի՞նչ կասեր:

-Միշտ: Նա թատրոնի հանդեպ մեծագույն պատասխանատվություն և սեր է ներարկել մեր մեջ, դա երբեք մեջիցդ դուրս չի գալիս: Երբ Վահե Շահվերդյանը ողջ էր, ավարտելուց հետո էլ միշտ կապը պահում էինք Թատրոնի և կինոյի ինստիտուտի հետ, ունեինք ավանդույթ` գնում, ծանոթանում էինք նոր կուրսերին: Ժամանակին, երբ ես էի այնտեղ սովորում, մենք ունեինք դասախոսներ, որոնք իսկապես մասնագետ էին իրենց ոլորտում և իրենցից սովորելու շատ բան կար: Հիմա զգալի մասը կա´մ ողջ չէ, կա´մ երկրում չէ: Ես ունեցել եմ փայլուն դասախոսներ: Այն, ինչ այսօր անում եմ իմ բնագավառում, իրենց շնորհիվ է: Հիմա երիտասարդ սերունդն ինքնակրթվելու համար անսահման լայն հնարավորություններ ունի, բայց մի բան եմ նկատել`ինֆորմացիայի նրանց աղբյուրները հաճախ մակերեսային ազդեցություն են թողնում, իսկ մեր աղբյուրները հաճախ մարդ-հեղինակություններ էին, և նրանցից ստացածը չի մոռացվում:

-Գաղտնիք չէ, որ դուք շատ կենդանասեր եք, սոցիալական հարթակներում հաճախ կոչ եք անում որդեգրել կենդանիների: Որտեղի՞ց այդ սերը:

-Կարծում եմ, որ կենդանասեր լինելը փոխանցվում է գեներով: Պապիկս ուներ շներ, կատուներ, կենդանիների մեծ սիրահար էր, հորաքույրս` նույնպես: Բայց մեր տանը երկար տարիներ չկար կենդանի, քանի որ մայրս դեմ էր: Հետո ծննդյանս օրը ստացա իմ առաջին փիսիկին նվեր և այդպես փոխեցի բոլորի կյանքն ու աշխարհընկալումը (ծիծաղում է): Հիմա իմ կատվին պահում են ծնողներս: Իսկ իմ տանը ունեմ ևս երկու կատու: Հրաշալի է կյանքը կենդանիների հետ: Դա մի սիրո տեսակ է, որը չես համեմատի սիրո որևէ այլ տեսակի հետ: Իմ երկու կատուներն էլ ցեղական չեն, ես իրենց որդեգրել եմ: Կարծում եմ` կենդանիներին պետք է որդեգրել, ոչ թե գնել: Ի դեպ, երբ իմ եռագույն կատվին որդեգրում էի, ասացին, որ այդպիսի կատուները հաջողություն են բերում, այդպես էլ եղավ. նա դարձավ իմ փոքրիկ թալիսմանը: Մի բան էլ`բոլորն ինձ նմանեցնում են կատվի թե´ բնավորությամբ, թե´ արտաքինով, ասում են` կատու-կին եմ, շատերն էլ ասում են, որ աղջիկ կատուս ինձ շատ նման է, երևի ես էլ եմ եռագույն (ծիծաղում է):

-Ռոզի, ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

-Նախկինում ինձ թվում էր` երջանիկ լինելու համար մեծ իրադարձություններ են պետք, գլոբալ փոփոխություններ, անհասանելի բաներին հասնելու մեջ էի պատկերացնում երջանկությունը: Հիմա հասկանում եմ, որ երջանկությունը մանրուքների մեջ է: Իմ շուրջն ունեմ շատ բան, որոնց մասին երազել եմ: Ապրելն արդեն իսկ երջանկության պատճառ է: Ապրում եմ, առողջ եմ, ունեմ սիրելի մասնագիտություն: Իմ ամեն աշխատանքային օր, փորձ թատրոնում` փոքրիկ երջանկություն է: Ունեմ հրաշալի ընտանիք, ընկերներ, որոնց սիրում եմ, փիսոներ…Մեկ էլ մի օր հանդիպում եմ մի լավ մարդու, ու հասկանում եմ, որ մեր օրերում դա երջանկանալու մեծ առիթ է: Ուղղակի պետք է դա նկատել: Այնպես, որ, այո, երջանիկ եմ, նույնը մաղթում եմ ձեր ընթերցողին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ