ԳլխավորՄի կտոր գիրք

«Դու իմ այս սերը չտաս կրակին…». Ռուզան Հովասափյան

Ներկայացնում ենք բանաստեղծ Ռուզան Հովասափյանի վերջին ստեղծագործություններից։

***

Մեր հանդիպումից ոչինչ չեմ հիշում
Անձրևից բացի,
Ինձ ժամերն անգամ ոչինչ չեն հուշում,
Որ ցավն այս անցնի։

Մեր հանդիպումը կյա՞նք էր, թե՞ երազ
(Կյանք դժվար լիներ),
Այն երազ էլ չէր, այլ՝ ինչ-որ գրազ,
Որ ցավս լռեր։

Մեր բաժանումից ոչինչ չեմ հիշում.
Անձրև էր գալիս,
Որ ձյուն էր դառնում աշնան մշուշում
Ու իջնում ցավիս…

***

Արդեն հազար տարի,
Գուցե ավելի շատ
Ես քեզ մոտ եմ գալիս
Եվ կարծես հասնում եմ։

Մեզ իրարից հիմա
Ժամեր են բաժանում,
Ու ամեն մի ժամը
Երկար է ավելի,
Քան թե հազար տարին։

Մեզ իրարից շուտով
Քայլեր կբաժանեն,
Ընդամենը քայլեր։
Այդ մի քանի քայլը,
Մի քանի քայլ ճամփան
Կանցնե՞մ հազար տարում…

***

Դու իմ թևերը չտաս կրակին,
Ես մոխիրներից էլ հառնողը չեմ,
Իմ խենթ օրերից մնաց կիրակին,
Քո երկինքներին ես հասնողը չեմ։

Դու իմ ճամփեքը չտաս կրակին,
Իմ աշունները ուշ թե շուտ կտան,
Թե կյանքն ինձ հանկարծ օրեր կտակի,
Քո երկինքներին ի՜նչ թևեր կտամ։

Դու իմ այս սերը չտաս կրակին
Եվ այս կիրակին կրակին չտաս,
Կյանքը թե հանկարծ սրտիս կրակի,
Մեռած էլ լինեմ, զգամ, որ դու կաս…

***

Արգելված իմ սեր, Նաիրի տղա,
Չգիտեմ՝ կյա՞նքը, թե՞ մահն եմ ատում.
Ես դժոխքներում միակդ եղա
Եվ քոնը չեղա ոչ մի դրախտում։

Հիմա, քան երբեք, քո սերն եմ ուզում —
Այս նոր դժոխքում լինել կույս և կին,
Կրակն այս վիհի մեկեն է լիզում,
Սակայն չի հասնի սիրուս կրակին…

Գուցե քեզ մի պահ թվա, թե չկամ.
Հիմա, քան երբեք, աչքերիս նայիր,
Թող դժոխքով մեկ անունդ ճչամ,
Հետո շշնջամ՝ սեր իմ, Նաիրի։

Նաիրի տղա, իմ աչքերի լույս,
Գուցե մի պահ էլ ինձ թվա՝ չկաս. —
Դու դիմացել ես կրակին սիրուս,
Դժոխքինն ի՜նչ է, որ չդիմանաս:

***

Ես հիմա
Ճակատագրիս
Բառերն եմ
Հատ-հատ կրկնում,
Որ իմ
Ճակատաերգը դարձան.

«Դու ճանաչելու ես ցավը,
Ճանաչելու ես ավելին,
Քան ցավը,
Մի ամբողջ կյանք
Սպասելու ես…
Անձրևի հետ անձրևելու ես,
Ձյան հետ՝ ձյունելու,
Արևի հետ…»։

Ճակատագրիս այս խոսքի հետ
Դու եկար…

***

Ճամփա չկար ինձ մոտ բերող,
Դու ո՞ր ճամփով եկար,
Երկինք չկար ինձ մոտ բերող,
Դու ի՞նչ ճախրով եկար։

Ինձ մոտ բերող աղոթք չկար,
Քեզ ի՞նչ աստված բերեց,
Ինձ մոտ բերող մեղք էլ չկար,
Քեզ ի՞նչ դրախտ բերեց…