ԳլխավորՄի կտոր գիրք

Բանաստեղծություններ՝ գարնան մասին

«Գարնանային օր», Մարտիրոս Սարյան

Ներկայացնում ենք հայ բանաստեղծների գարնանային մի քանի ստեղծավործություն։

Գարունդ հայերեն է գալիս

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ:

Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ:

Արևդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում,
Հայերեն են պայթում բառերդ:

Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ:

Ձորերդ հայերեն են շնչում,
Զոհերդ հայերեն են ննջում,
Հայերեն են տանջում ցավերդ:

Որքան ել ձեռից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ:

Թող Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ:

Համո Սահյան

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Եղիշե Չարենց

Գարնանային

I

Ծավալվել ես, գարո՛ւն, ողջ աշխարհի վրա,
Բացել ես ինքդ քեզ, բացվել ինքդ քո դեմ՝
Նման մի խոր երգի — անհղացում գրված —
Որ միշտ նո՛ր է թվում, թեպետ անգիր գիտեն:

Քո պարգևած պայծառ ու խոր խլրտումից
Հողը հիմա ծա՛նր՝ գոլորշով է շնչում,
Գետերն են դուրս ելել իրենց նախկին հունից,
Մինչդեռ թռչունները՝ հին բներն են թռչում:

 

Բացել են ծառերը իրենց թերթերն ի լույս,
Կանաչներն են ծփում անսահման ու անծիր,
Եվ քո տաքուկ շնչից, քո ներշնչած սիրուց
Աղբյուրներն են երգում նման քա՜ղցր լացի:

Ծավալվել ես այսպես ողջ աշխարհի վրա
Բացե՜լ ես ինքդ քեզ, բացվել ինքդ քո դեմ,
Նման այն խոր երգին — անհղացում գրված,
Որ ինձ նո՜ր է թվում, թեպետ անգիր գիտեմ…

II

Սաղարթների վրա ծիծառներ կան հիմա,
Գարնան շունչ կա հիմա, բուրմունք անուշ.
Ծաղիկներն են լռում, իբրև մի խոր իմաստ,
Որ զուլալ աղբյուրն է լոկ թարգմանում:

Ու արոտներում խլրտում կա հիմա,
Փողոցներում խայտանք ու եռուզեռ…
Տարբեր հուզանք ունի հիմա ամե՜ն մի մարդ,
Բայց միևնույն պահն է ողջը հուզել:

Վարարումով վայրի սիրտս լի՜քն է հիմա,
Սիրտս լի՜քն է հիմա, լի՛՝ լալու չա՜փ…
Եվ պահում է լեզուս մի անթարգման իմաստ
Իր խո՜ր, հուզումնավո՛ր լռության տակ…

III

Փողոցների վրա քո խայտանքն է կախվել,
Լո՜ւռ տարածվել ամեն մայթի վրա,
Փակ պատուհանները քո տաք շնչին բախվել,
Երկփեղկվել են, գարո՛ւն, սրտի՜ս նման:

Այնպես քա՜ղցր է զգալ թևածումդ, գարո՛ւն,
Այնպես քա՜ղցր է ապրել հուզանքդ պերճ,
Որ խայտում է իմ մեջ իբրև բոսոր արյուն,
Շարժվում սրտիս խորքում, երակիս մեջ:

Ես ուրա՜խ եմ, գարուն, ուրա՛խ՝ խնդալո՜ւ չափ,
Բայց սրտիս մեջ ցավ կա՝ լուռ լացի՜ պես…
Բախվել է քո շնչին պատուհանը իմ փակ
Ու երկփեղկվել, գարո՛ւն, իմ սրտի՜ պես…

IV

Գարո՛ւն, նույնն ես նորից, նո՛ւյնն է խայտանքդ անուշ.-
Նորից զգում եմ ես ծանրությունը սրտիս…
Դու հուզում ես, գարո՛ւն, իբրև ծանոթ անուն,
Որ մոռացվել մի պահ, արդ հիշվում է կրկին:

Բա՛ց է սիրտս հիմա, գարո՛ւն, քո շնչի դեմ.
Ե՜կ, ողողի՛ր սիրտս քո խնդությամբ պայծառ,
Ե՜կ, մոտեցի՜ր, որ քեզ մոտի՜կ զգամ, դիտեմ
Իբրև մեռած ընկեր՝ կրկին կենդանացած…

Այնպես ծա՜նր է հիմա առանց նրա ապրել,
Գարո՛ւն, քո խայտանքը այն աշխարհի վրա,
Որի գարնան համար նա իր կյանքը դրեց՝
Իբրև մի երգ սիրո — կարմիր արյամբ գրված…

Նո՛ւյնն ես նորից, գարո՛ւն, նո՜ւյնն է խայտանքդ անուշ.-
Նորից զգում եմ ես ծանրությունը սրտիս…
Դու հուզում ես, գարո՛ւն, իբրև ծանոթ անուն,
Որ արցունք է կորզում՝ երբ հիշվում է կրկին…

V

Բայց այսուհետ կգաս, գարո՛ւն, ո՛չ այն հերթով,
Որով եկել ես դու ձիգ դարերից…
-Այսուհետև կգաս իբրև ո՛չ լոկ զարթոնք,
Այլև իբրև չեղած մի տարելից:

Կգա՜ս, կգա՜ս իբրև փառաբանում ու փառք
Նրա՛նց համար, որոնք դյուցազնորեն,
Ներկա կյանքով հարուստ և գալիքով հպարտ,
Նահատակվե՜լ են, մեռե՛լ, բայց չեն կորել:

Նրանց համար, որոնք ձմռան ցրտերի մեջ
Գիտեին, որ գարո՛ւն, նորից կգաս,
Որ չի կարող կյանքում լինել հավերժ ձմեռ
Եվ մահվան դեմ կյանքը՝ թույլ ու տկար:

Նրանց համար, որոնք գիտեին, որ կգաս
Եվ սփռելով կյանքում փայլ ու ժպիտ,
Կլինես նրանց գործած հերոսության վկա
Եվ կորստի համար, վերքի համար՝ սպի:

Կգա՛ս, բայց ոչ իբրև լոկ բնության զարթոնք,
Ինչպես որ եկել ես ձիգ դարերից,
Այլ թշնամուն՝ զենքով, մահին մահով հաղթող
Հերոսների համար մի տարելից…

Կգաս, բայց ոչ իբրև լոկ նորաբաց կակաչ,
Ո՛չ իբրև վարդ, շուշան, «սիրի-սիրի».-
Իբրև փառաբանում, հիշատակում կգաս,
Իբրև Հաղթության Տոն,
Մայիսի ինն…

Պարույր Սևակ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վահան Տերյան

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,

― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,

Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Հովհաննես Շիրազ

Գարնան առավոտ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովհաննես Թումանյան

Գարնան արևը անհուն համբույրով
Դուրս կոչեց կյանքի ծլին ու ծաղկին,
Եվ մանուշակը կապույտ աչերով
Անմեղ, միամիտ ժպտաց ամենքին:

Եկավ զեփյուռը շշնջաց նրա
Կույս ականջներին և սահեց գնաց,
Եկավ թիթեռը, թռվռաց նրա
Նազելի գրկում և թռավ գնա˜ց…

Եվ մանուշակը նրանց ետևից
Մնաց նայելով… խաբող ցնորքներ.
Եվ ընկան նրա աչքերից անբիծ
Առաջին սիրո մաքուր արցունքներ:

Ավետիք Իսահակյան